Արցախի նախագահ Արայիկ Հարությանյանի հրամանագրով՝ Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից։ Հրամանգիրը Հարությունյանն այսօր հրապարակել է Արցախի կառավարության հերթական նիստի ժամանակ։
Ըստ Արցախի նախագահականի՝ Հարությունյանը բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
«Այս ողջ ընթացքում ես և Ռուբեն Վարդանյանը եղել ենք միասին՝ ամենօրյա ռեժիմով հետևելով ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, մշտապես մտքեր ենք փոխանակել ստեղծված իրավիճակում լուծումների շուրջ», — հայտարարել է Արցախի նախագահը՝ շնորհակալություն հայտնելով Վարդանյանին առավելագույն չափով պատասխանատվությունն իր հետ փորձել կիսելու և «ոչ թե սահմանադրական նորմերին հղում անելով՝ այն ինձ վրա բարդել փորձել համար»:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը:
Անցած շաբաթ Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց՝ պատրաստ է խոսել Ղարաբաղի հայ բնակչության հետ, եթե Ռուբեն Վարդանյանը հեռանա «իրենց հողից»։ Հայաստանի Ազգային ժողովի Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էլ «Ազատության» հետ զրույցում չէր թաքցրել, որ կողմ են Վարդանյանի հեռանալուն։
«Հիմա ասենք Ալիևը պահանջում է՝ «Զանգեզուրի միջանցքը տաք, նոր բացեմ», հիմա «Զանգեզուրի միջանցք» սարքենք տանք իրանց, լավ ա, թե՞ Ռուբեն Վարդանյանին ասենք՝ «Ռուբեն ջան, գնա որտեղից եկել ես»: Իհարկե, եթե ամբողջ խնդիրը կապված է Ռուբենի այնտեղ չլինելուն, իհարկե, Ղարաբաղի իշխանությունները պետք է Ռուբենին ասեն՝ «դու արի էս պաշտոնից դուրս արի», — ասել էր պատգամավորը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: