ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և միաձայն մերժեց նույն պահանջով Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։
Հայաստանը միջազգային դատարանից պահանջում էր պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել արդեն ավելի քան 2 ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել գազի մատակարարումը։ Դատարանը բավարարեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Հայաստանը պահանջել էր նաև Ադրբեջանին պարտավորեցնել անհապաղ լիովին վերականգնել բնական գազի անխափան մատակարարումը։ ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանը նշեց՝ բավարար փաստարկներ չեն ներկայացվել, որ Ադրբեջանն է խաթարում գազի մատակարարումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն իր Թվիթերում մեկնաբանել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումը։
«Քանի որ Ադրբեջանը երբեք չի շրջափակել եւ չի խոչընդոտել երթեւեկությանը Լաչինի ճանապարհով, այլ ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները՝ ճանապարհով անվտանգ տեղաշարժն ապահովելու համար, նա կշարունակի անել դա նաեւ դատարանի համապատասխան որոշումից հետո»։
Այսինքն՝ Բաքուն, ինչպես եւ հունվարյան քննարկումների ժամանակ, պնդում է, որ չի շրջափակել ճանապարհը։ Բաքվի ԱԳՆ-ը չի ասում, թե ով է շրջափակել, սակայն ակնհայտ է, որ խոսքը ռուս խաղաղապահների մասին է։
Ռուսական կողմի պատասխանատվության մասին խոսք չկա նաեւ հայկական կողմի հայցում։ Թեկուզ խոսքը գնում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, որով Ադրբեջանը պարտավորվում է ապահովել Բերձորի միջանցքով ազատ եւ անվտանգ երթեւեկությունը, սակայն նույն հայտարարոթյան մեջ Բերձորի միջանցքի անվտանգության երաշխավոր են հռչակվել ՌԴ խաղաղապահ ուժերը։ Եւ իրավական առումով տարորինակ է, որ հայկական կողմը որպես պատասխանող իր հայցի մեջ չի նշել ռուսական կողմին։
Նման անհավասարությունը, որտեղ «х»-ը բոլորին հայտնի է, բայց դրա անունը ոչ ոք չի տալից, թույլ է տալիս բոլորին խուսափել պատասխանատվությանից։ Պատահական չէ, որ Բաքուն ասում է, որ գործելու է այնպես, ինչպես գործել է մինչ հիմա։ Եթե Բաքուն ասում է՝ մենք չենք փակել, ապա ո՞ւմ պետք է պատժի դատարանը, եթե շրջափակումը շարունակվի։
Նման իրավական կազուսը չի նշանակում, որ ճանապարհը փակ կմնա․ մինչ բարձր դատարանը որոշում կընդունի, Ադրբեջանի նախագահ Ալիեւը պահանջել է 4 ամիս առաջ Արցախի պետնախարար նշանակած Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը, անուղղակի ներկայացնելով դա որպես Ստեփանակերտի հետ «երկխոսության» եւ ապաշրջափակման պայման։
Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց Վարդանյանին պաշտոնից ազատելու մասին։ Նա չներկայացրեց դրա պատճառները։
Պաշտոնական Երեւանը ոգեւորվել է, պարզ չէ՝ Միջազգային դատարանի որոշմամբ, թե՞ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Արդբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար»: «Ամենասկզբում և ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության ամենաբարձարգույն օղակից՝ Լաչինի միջանցքը բացելու կոչ պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»: Ամեն դեպքում, Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների»,- ասել է Փաշինյանը:
Արցախի նախագահն իր հերթին, ազատելով Ռուբեն Վարդանյանին, ինչ-որ դրական տեղաշարժերի մասին է խոսել։ Սակայն ոչ ոք այդպես էլ չասեց՝ եթե ճանապարհը բացվի, արդյո՞ք կտեղադրվի անցակետ։ Եթե այո, ապա ո՞վ է այն վերահսկելու՝ ռուսակա՞ն կողմը, թե Բաքուն։ Հիշեցնենք, որ Արցախի իշխանությանները կտրականապես դեմ էին անցակետին։ Դրա առկայությունը նաեւ կասկածի տակ կդնի Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը, ինչն ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Հիշեցնենք նաեւ, որ Ալիեւը առաջարկել է անցակետ տեղադրել Բերձորի միջանցքի սկզբում՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում», որպեսզի նման անցակետեր բացվեն նաեւ Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջեւան նախատեսվող ճանապարհի սկզբում եւ վերջում։
«Շրջափակումը պետք է վերացվի, և Արցախը պետք է ունենա անխափան ու անսահմանափակ ցամաքային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության հետ՝ առանց ադրբեջանական կողմի որևէ ներգրավվածության», ասել է այսօր Արայիկ Հարությունյանը։ Նա չի մանրամասնել, ընդունելի՞ է արդյոք ռուսական կողմի անցակետը։
Նաիրա Հայրումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: