Օրերս քննչական կոմիտեն հայտնեց, որ  Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենին և 4 աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել, տնօրենը կալանավորվել է։ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ]ՀՀ քրեական օրենսգրքի ծանրագույն հոդվածներով՝ խոշտանգում, թրաֆիքինգ, Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, նաև վստահված գույքի հափշտակում՝ 256-րդ հոդված, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։

«Դատարան միջնորդություն է ներկայացվել տնօրենի և հոգեբույժի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։ Տնօրենի մասով միջնորդությունը բավարարվել է ամբողջությամբ և նա կալանավորվել է, իսկ հոգեբույժի մասով՝ միջնորդությունը բավարարվել է մասամբ՝ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Մյուս երեք աշխատակիցների նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Վերջիններս արգելանքից ազատ են աձակվել>>, — հայտնում է ՔԿ խոսնակը։

Վարդենիսի տուն-ինտերնատում տիրող մտահոգիչ իրավիճակի, այնտեղ պահվող անձանց իրավունքների խախտումներին բազմիցս անդրադարձել են տարբեր կառույցներ, աղաղակող, սենսացիոն դեպքեր են եղել, հիվանդների ինքնասպանություններ։ Սակայն պետական կառույցները ոչ մի կերպ չեն ցանկանում լիարժեք հսկողության տակ վերցնել այս հաստատութունը։

Տուն-ինտերնատում մոտ 450 հիվանդ են ապրում, հոգեկան, կամ նյարդաբանական խնդիրներով, ծանր ճակատագրերով անձինք, հիմնականում՝ լքված։

Հիշեցնենք՝ Տուն-ինտերնատի հիվանդասենյակներից մեկում հայտնաբերել էին հիվանդներից մեկին, ջեռուցման մարտկոցից ներից մեկում մետաղյա շղթայով կապված, հիվանդներից մեկին ստիպել էին տնօրենի խոզանոցը մաքրել, հիվանդներին չի տրամադրվել ծխախոտ, օրենքով իրենց հասանելիք սնունդը, տնօրենը կաշառքներ է ստացել աշխատողների աշխատավարձը բարձրացնելու համար, և այլն։

Մենք զանգահարեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, պարզելու համար, թե արդյոք չեն պատրաստվում ծառայողական հետաքննություն իրականացնել , պարզել, ինչպես էր հնարավոր հերթական աղաղակող դեպքը։

Մեզ պատասխանեցին, որ նախարարությունը մոնիտորինգ է անում տուն-ինտերնատում, սակայն որևէ այլ տեղեկություն չեն կարող հայտնել, քանի որ քրեական վարույթ կա։

Իսկ փետրվարի 19-ին նախարարությունը ընդամենը հերթապահ հաղորդագրություն էր տարածել առ այն, որ իր ենթակայությամբ գործող խնամքի որևէ հաստատությունում ցանկացած ապօրինություն, առավել ևս խոշտանգման հնարավոր դրսևորում, համարում է խստագույնս դատապարտելի։

«Միաժամանակ տեղեկացնում են, որ նյարդահոգեբանական տուն–ինտերնատը շարունակում է իր բնականոն գործունեությունը, «խնամք ստացող բնակիչներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումն իրականացվում է անխոչընդոտ”։

Կարող է թվալ, վերահսկող, պետական քաղաքականությունն իրականացնող մարմնի համար անակնկալ էր աղմկահարույց դեպքը։ Մինչդեռ դեռևսմեկ տարևի առաջ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոգեբուժարաններում տիրող իրավիճակին, հոգեկան հիվանդների խնդիրներին անդրադարձել էր զեկույցներով 2017 և 2022 թվականներին։ 2022 թվականին ՄԻՊ գրասենյակն արձանագրել է, որ հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումների առումով պատկերը 2017 թվականից չի փոխվել։ Այդ նոր զեկույցում Վարդենիսի տուն-ինտերնատի մասին ասվում է․

«Գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ տարբեր հոգեբուժարաններում օգտագործվել են օրենքով չնախատեսված մեխանիկական զսպման միջոցներ: Մասնավորապես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է «չոր փաթաթում» և «թաց փաթաթում»: Սա իրենից ներկայացնում է սառը ջրով թրջած սավանով փաթաթում: Նման պրակտիկան խիստ անթույլատրելի է: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նույնպես կիրառվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում»:

Հիշեցնենք, ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններից։

Զեկույցում կարդում ենք նաև, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամակրկյալի նկատմամբ, որպես դեղորայքային զսպման միջոց, կիրառվել է դեղամիջոց, որը ներառված չէ նախարարի՝ ոլորտը կարգավորող որևէ հրամանում: Գերբնակեցվածության հետևանքով այս ոտւն-ինտերնատում ՄԻՊ աշխատակիցները տեսել են չափազանց խիտ դասավորված, իրար կիպ դրված, նույնիսկ իրար միացված մահճակալներ։ Ի դեպ, այս մասին ասված է նաև 2017 թվականի զեկույցում։

Վարդենիսի տուն ինտերնատի վերաբերյալ ՄԻՊ զեկույցում կան դրվագներ, որոնք, կարծես, նացիստական ճամբարի  մասին գրված լինեն։

«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնամարկյալներից շատերը չեն ճանաչել իրենց հագուստը և այդ պատճառով լվանալուց հետո ողջ հագուստը բաժանվել է պատահականության սկզբունքով:

Կամ այս հատվածը ՄԻՊ զեկույցից․ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցի ընթացքում արձանագրվել է, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամարկյալների լոգանքը կազմակերպվում է լոգարանում՝ սալիկապատ քարե նստարանին նստած վիճակում, որի սալիկները եղել են կոտրտված, և բարձր է եղել վնասվածք ստանալու հավանականությունը։»

Հիվանդների հագուստը, այդ թվում նաև ներքնազգեստներ, չորացվել են գետնին՝ աղբի և ծխախոտի մնացորդների վրա:

«Նշվածը նվաստացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արժանապատվությունը և խիստ անընդունելի է», — նշված է Հայաստանի նախկին օմբուդսմենի զեկույցում:

Նմանատիպ նկարագրեր կան նաև Ավանի և Սևանի հոգեկան առողջության կենտրոնների, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի վերաբերյալ, որտեղ այցելել է Մարդու իրավունքների պաշտպանի թիմը։ Ամենուր արձանագրել են, աղաղակող խախտումներ, որոնց մասին հայտնել են պատկան մարմիններին։ Վերջիններս էլ հանդես են եկել բացատրություններով։

Այլ կերպ ասած՝ պետական մարմինների պաշտոնատար անձանց համար  իրավապահների բացահայտումները ոչ ցնցող են եղել, ոչ արտառոց։ Բայց  ՄԻՊ հարցադրումներին զեկույցներից նրանք ձևական պատասխաններ են տվել և շարունակել են իրենց աշխատանքը։

Օրինակ, 2021 թվականին, երբ ՄԻՊ-ը այցելել էր Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի շենքային պայմաններին և մատուցվող ծառայություններին էր անդրադարձել, նախարարությունը պարզաբանել էր, որ 447 շահառուի համար նախատեսված կենտրոնի շենքային պայմանները բարելավվում են, և որ ՄԻՊ-ի հրապարակած լուսանկարները չեն արտացոլել ամբողջական պատկերը։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest