Կոռուպցիայի մասին զրո հանդուրժողականության մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կոռուպցիայի դեմ պայքարում են անընկալելի մեթոդներով։ Փետրվարի 17-ին Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի տեղակալ է նշանակել Արտակ Պողոսյանին։

Կառուպցիայի դեմ պայքարին միացած Արտակ Պողոսյանն աղմկահարույց միջադեպի կենտրոնում է եղել։ Նա հայտնի է ոստիկանության բաժնում լրագրողի նկատմամբ կիրառած բռնությամբ։

Հիշեցնենք՝ 2014 թվականի փետրվարի 12-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստների՝ մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ակցիան լուսաբանելիս, Անի Գևորգյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Ոստիկաններն, Անի Գևորգյանի փոխանցմամբ, իր և ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություն են կիրառել, խոչընդոտել մասնագիտական գործունեությունը: Անի Գևորգյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ բաժնի պետ Արտակ Պողոսյանը ապտակել է լրագրողին:

«Արտակ Պողոսյանը մտավ սենյակ, հարվածեց դեմքիս, խլեց հեռախոսս և դուրս եկավ: Ոստիկանության բաժնում շատ թեժ իրավիճակ էր․ ոստիկանները շատ լարված էին, բոլորի նկատմամբ բռնություններ էին գործադրում ոչ միայն Մաշտոցի պողոտայում, այլ նաև ոստիկանական մեքենայում և բաժնում: Արտակ Պողոսյանը շրջում էր բոլոր սենյակներում: Նա մտնում է սենյակ այն պահին, երբ ես իրավապաշտպաններից ու լրագրողներից զանգեր եմ ստանում: Արտառոց էր, որ լրագրողը բերման է ենթարկվել:  Ես հեռախոսով էի խոսում, նա մոտեցավ ինձ, հարվածեց և հեռախոսը վերցրեց։ Հրահանգեց, որ առգրավվեն հեռախոսը»,- Forrights.am-ի հետ զրույցում ասել էր Անի Գևորգյանը։

Անի Գևորգյանն Արտակ Պողոսյանին՝ Հակակոռուպցիոն կեմիտեի նախագահի տեղակալ նշանակման վերաբերյալ նշեց, որ այսպիսով իշխանություններն ընդգծում են, որ չի կարող լինել արդարության վերականգման գոնե մի փոքր հույս։

«Ցավոք, սա նմանատիպ ոչ առաջին նշանակումն է, ոչ վերջին, երբ որեւէ կարեւոր պաշտոնին է նշանակվում որեւէ արժանավոր պրոֆեսիոնալ, այլ մեկն, որը նախկինում հայտնի է եղել իր հանցավոր գործողություններով ու ապօրինություններով: Այս նշանակումը հերթական անգամ ցույց է տալիս, որ այսօր Հայաստանում ի սպառ աղավաղված են արդարության մասին պատկերացումնրն ու գոնե մի օր իրականությունը բացահայտելու նույնիսկ ամենափոքր հույսը»,-ասաց լրագրողը:

Նիկոլ Փաշինյանի հայտարարած ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխությունից հետո սա առաջին դեպքը չէ, երբ Արտակ Պողոսյանին բարձր պաշտոնի են նշանակում։ 2018 թվականի հունիսին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն Արտակ Պողոսյանին նշանակեց Երևանի ոստիկանապետ։ Այդ նշանակումը լրագրողների և իրավապաշտպանների կողմից սուր քննադատության արժանացավ։ Հեղափոխությունից հետո, ըստ էության, իշխանությունների մոտ դեռ կար հռչակած գաղափարների նկատմամբ փոքր-ինչ հավատարմություն, քանի որ դատապարտումներից հետո՝ Պողոսյանը Երևանի ոստիկանությունը մեկ ամիս ղեկավարելուց հետո պաշտոնանկ եղավ։

Փաշինյանական հինգ տարիների ընթացքում ժողովրդավարության և արդարության մասին բարձրագոչ գաղափարները, հավանաբար, ի չիք են դարձել, ուստի Արտակ Պողոսյանը կարող է բարձր պաշտոն զբաղեցնել ու հարկատուներից բարձր աշխատավարձ ստանալ։

«Երբ Արտակ Պողոսյանը Երեւանի ոստիկանապետ նշանակվեց ես, եւ բազմաթիվ լրագրողներ ու իրավապաշտպաններ սոցցանցերում գրառումներ կատարեցիք այն մասին, որ անթույլատրելի է նման պաշտոնում մի մարդու նշանակումը, որը հենց ոստիկանության բաժնում բռնություն է գործադրել լրագրողնի նկատմամբ, եւ, որի գործողությունների վերաբերյալ այժմ ՄԻԵԴ-ում գործ է քննվում: Մեծ աղմուկ բարձրացավ, ինչին հաջորդեց նրան պաշտոնից ազատելը: Դրանից անցել է մոտ երկու տարի ու այժմ լսում ենք նոր նշանակման մասին: Հավանաբար ոմանք կարծում են, որ նախկինում կատարվածն այլեւս որեւէ մեկը չի հիշում: Կարող եմ միայն ասել, որ նման քայլերով իշխանությունն ուղղակի ցուցադրում է, թե ինչ չափանիշներով է այսօր կարելի կարյերայի աճ ունենալ»,-ասաց Անի Գևորգյանը:

Լրագրողն այս միջադեպով դիմել էր ՄԻԵԴ,  երբ ներպետական բոլոր դատական ատյաններով անցնելով՝ որևէ արդյունքի չէր հասել:  Ստրասբուրգյան դատարանը 2021 թվականին ՀՀ կառավարությանը հարցեր էր ուղղել, Անի Գևորգյանն ասում է՝ այժմ սպասում են ՄԻԵԴ որոշմանը։

«Մոտ մեկ տարի առաջ ավարտվել են կոմունիկացիայի փուլը: Այսինքն ՄԻԵԴ-ը հարցադրումներ է ուղղել ՀՀ Կառավարությանը: Կառավարության պատասխաններից հետո մենք են ներկայացրել հակընդդեմ բացատրությունները: Այսպիսով այժմ սպասում ենք դատարանի վճռին»,-ասաց Անի Գևորգյանը:

Ոստիկանության ծառայողների կողմից բռնության ենթարկվող քաղաքացիների խնդիրներին առնչվող փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ իշխանության նշանակումներն անհասկանալի են։ «Դատաիրավական ոլորտի վերջին շրջանի նշանակումները չունեն որևէ տրամաբանություն, չկա ինստիտուցիոնալ կամ ռազմավարական մոտեցում։ Քաղաքական իշխանությունը գործում է պահի թելադրանքով․ նշանակումները բխում են իրավիճակից, ոչ թե ինստիտուտի երկարաժամկետ կարիքներից։ Նույնիսկ կարևոր էլ չէ, ներկա, թե՝ նախկին կադր է։ Կարևորը լինի իշխանությանը հնազանդ։ Մարդ չգիտի որի կամ ինչի մասին խոսի։ Այս նշանակումը ևս այս բնույթի է․ անհեռանկար, Նիկոլին պետքական։ Ցավն այն է, որ մյուս կողմից էլ ուսադիրի պատիվն է իսպառ վերացել»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest