2023 թվականի մորտի 1-ից մինչև մայիսի 12-ը նախատեսված են վարժական հավաքներ, որոնց 25 օրով մասնակցելու է Հայաստանի Հանրապետության 20-ից 55 տարեկան բոլոր զինապարտ քաղաքացիները։ Պաշտպանության նախարարության առաջարկով այս որոշումը կառավարությունն ընդունել է փետրվարի 2-ին։
Շուրջ 10 օրից մեկնարկելու են վարժական հավաքները, սակայն, մի շարք բացթողումներ կան։ Ծանուցագրեր ստացած քաղաքացիներն ահազանգում են ոչ պատշաճ կազմակերպչական աշխատանքների մասին։
Վահագն Սարոյանը Forrighst.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն հրավիրել են զինկոմիսարիատ, փոխանցել են ծանուցագիրն ու ասել, որ հավելյալ կտեղեկացնեն բուժզննություն անցնելու համար։
«Պետք է ֆիքսենք, որ գաղափարը լավն է, իրականացման մեխանիզմներն՝ այնքան էլ չէ։ Նախևառաջ պետք է հասկանալ «վարժական հավաքներ» ասելով ինչի՞ն պետք է վարժվի հավաքված կոնտինգենտը՝ դինամիկ մոբիլ ծառայություն վարելո՞ւն, թե՞ ստատիկ խրամատային գործունեության»,-ասաց նա։
Մարտից մայիս ժամանակահատվածում, ըստ Պաշտպանության նախարարության ժամանակացույցի, քաղաքացին ազատ է որոշել, թե որ 25 օրն է ցանկանում մասնակցել վարժական հավաքներին։ Սակայն, տարածքային զինկոմիսարիատում խնդիրներ են առաջանում։ «Քաղաքացիների կողմից ժամկետների ընտրության մասով նախարարը հայտարարել էր կառավարության նիստի ժամանակ, սակայն դա իրականացնելու ցուցում զինկոմիսարիատը չունի գերատեսչության կողմից»,-ասաց Վահագն Սարոսյանը, որն այդպես էլ զրկված է եղել իրեն հարմար ժամանակահատվածն ընտրելու հնարավորությունից։
Ինչպես նախորդ հավաքների ժամանակ, այնպես էլ հիմա, ՊՆ քաղաքացիներին զորակոչում է, բայց պատասխասխանատվություն չի կրում նրանց ֆինանսական խնդիրների համար։ «Մյուս խնդիրը, որ կուզեի առանձնացնել, դա աշխատող քաղաքացիների աշխատավարձի չպահպանման հարցն է։ Գիտեք, ցանկացած գործընթաց պետք է ունենա մոտիվացիոն բաղադրիչ, անկախ այն բանից, թե դա պարտադիր է, թե կամընտրական, առավելևս երբ հարցը վերաբերում է հայրենիքին ու ժողովրդին մատուցած ծառայության գաղափարին։ Այն ավելի գրավիչ դարձնելու համար ցանկալի կլիներ, ընտրված լիներ այնպիսի հոդված, որը թույլ կտար պահպանել, թե աշխատատեղը, և ,թե աշխատավարձը»,-ասաց մեր զրուցակիչը։
ՀՔԱՎ գրասենյակի պաշտպանության և անվտանգության հարցերով քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյան էլ մեզ հետ զրույցում նշեց, որ խախտումների վերաբերյալ քաղաքացիներից արդեն բազմաթիվ ահազանգեր են ստացել։ Մասնավորապես, չեն ապահովում քաղաքացիների՝ պատշաճ բժշկական հետազոտություն անցնելու հնարավորությունը։
«Հավաքների մասին դեռ որոշում չկար, բայց մարդկանց ծանուցագրեր էին ներկայացնում։ Հիմա արդեն, երբ հայտարարվել է, դիմում են առողջական խնդիրների հետ կապված, երբ մարդկանց չեն հետազոտում, բայց ծանուցագրեր են տալիս։ Պետք է հետազոտեն նոր տրամադրեն ծանուցագրերը։ Մարդկանց ասում են, եթե ունես խնդիր, բեր թղթերդ, տեսնենք, նոր կուղեգրենք հետազատությունների։ Բնականաբար այդպես չպետք է լինի, պետք է իրենց կողմից ուղեգրվի առաջնային անհրաժեշտ հետազատությունների, իսկ, եթե անձն ունի այլ գանգատներ, դրա համար ևս պետք է ուղեգրվեն»,-ասաց Նազելի Մովսեսյանը։
Նրա խոսքով՝ փաստաթղթեր պահանջելու պայմանները քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական խնդիրներ է առաջացնում, քանի որ քաղաքացին պետքէ գնա հետազատվի, որ համապատասխան տեղեկանքերը ներկայացնի զինկոմիսարիատին։
ՀՔԱՎ գրասենյակի ներկայացուցիչը նաև կազմակերպչական խնդիրների մասին է ահազանգում։ Շեշտում է՝ հստակեցված չէ, թե ինչ ընթացակարգով են ծանուցագրեր տալիս քաղաքացիներին։
«Շատերը գնում են զինկոմիսարիատ՝ այլ խնդիրներով, օրինակ անձնագիր հանելու համար անհրաժեշտ փաստաթղթեր վերցնելու, իրենց միանգամից ծանուցագիր են տրամադրում՝ վարժական հավաքների մեկնելու համար։ Այսինքն՝ կարգավորված չէ, թե ում են ուղարկելու, եթե մարդը պատահական հայտնվում է այնտեղ, տեսնում են իր ոտքով եկել է, իրեն ծանուցագիր են տրամադրում»,-ասաց նա։
Մեզ դիմած քաղաքացիներից մեկն էլ տեղեկացրել են, որ իրեն վարժական հավաքներին մասնակցելու համար հեռախոսազանգով են տեղեկացրել՝ առանց օրենքով սահմանված կարգով ծանուցելու։ Նազելի Մովսեսյանի խոսքով՝ անգամ պոլիկլինիկաներից են զանգահարում և տեղեկացնում վարժական հավաքներին մասնակցելու մասին։
«Ծանուցագրերն անձամբ քաղաքացիները պետք է վերցնեն, ստորագրեն։ Զանգով չպետք է արվի, բայց գործնականում՝ 90 տոկոսով, եթե գյուղական համայնքերի բնակիչներ են, զանգում են համայնքապետերը, իսկ եթե քաղաքի՝ զանգում է պոլիկլինիկայի բուժքույրը, զանգում են ոչ թե քաղաքացիներին, այլ հարազատին»,-ասաց նա։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: