Երեկ ժամը 19:40-ի սահմաններում Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով Պաշտպանության նախարարության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:
Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ երկու զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. նրանց վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
«Մեքենայի անձնակազմը, եղանակային չափազանց վատ պայմաններում փորձելով ստորաբաժանման մյուս զինծառայողներին օգնության հասնել, խնդիրը կատարելու համար ցուցաբերել է անձնուրացություն:
Ցավոք սրտի, դժբախտ պատահարի հետևանքով վերոհիշյալ զինծառայողները մահացել են», — ասված է հաղորդագրությունում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: