2007-2018 թվականներին ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների ծնողները տասնյակ տարիներ իրավապահ մարմիններից պահանջում են բացահայտել իրենց որսիների մահվան իրական պատճառները, սակայն ապարդյուն: 2018-ի իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բազմաթիվ հանդիպումներից ու դրանց ընթացքում բացահայտման մասին խոստումներից հետո սևազգեստ մայրերը լցվել են հույսով, որ վերջապես բացահայտումներ կլինեն, բայց դրանք միևնույն է, չեն իրականացել:
Այսօր ասուլիսում մայրերը փորձում էին ներկայացնել՝ ովքե՞ր են խոչընդոտում ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների գործերի բացահայտմանը:
«2007 թվականից առ այսօր Տիգրան Օհանջանյանի գործի քննությանը առնչված պաշտոնյաներից գրեթե վեց տասնյակ անձինք իրենց գործողությունների կատարման կամ չկատարման հետևանքով գործը մտցրել են փակուղի: Նույնը եղել է մյուս զինծառայողների մահվան գործով՝ Վալերիկ Մուրադյան, Արթուր Ղազարյան, Անդրանիկ Մկրտչյան, Լևոն Թորոսյան: Հատկանշական է, որ խոչընդոտ հանդիսացած պաշտոնյաների ցուցակները ներկայացրել ենք վարչապետին ու հանրապետության դատախազին», -ասուլիսում ներկայացրեց զոհված զինծառայողների իրավահաջորդ ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նրա խոսքով, ասուլիսից հետո պաշտոնյաների ցուցակները ներկայացնելու են ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով համապատասխան իրավական ընթացակարգ ձեռնարկել: Ի դեպ, փաստաբանի փոխանցմամբ, այդ ցուցակներում կան մարդիկ, ովքեր հիմա շատ բարձր պաշտոններ են զբաղեցնում:
Օրինակ՝ պաշտոնյաների ցուցակում տեղ է գտել նաև այժմ Քննչական կոմիտեի նախկին ղեկավար, այժմ ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանը, նախկին քննիչ, բայց այժմ Վճռաբեկ դատարանի դատավոր Արտակ Կրկյաշարյանը: Պապիկյանն ասաց՝ հենց Գրիգորյանն է հարցաքննություններ իրականացրել, զբաղվել այս գործերով: «Փաստական տվյալներ ունենք, որ գործերի քննությանը խոչընդոտել են, օրինակ՝ քննչական մարմնի պատասխանատու Յուրա Բադալյան, որն իր ձեռքով կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանի մոտ ձևակերպված սպաներին գրել է որպես Հայկազ Բաղմանյանի թիկնազորի անդամներ: Սա ինքնին հանցագործության մասին հաղորդում է: Առ այսօր որևէ մեկը այս անձանցից պատասխանատվության չի ենթարկվել: Ցուցակում շատ են քննիչներ, փորձագետներ, որոնք աչքի են ընկել կեղծ եզրակացություններ տալով», -ներկայացրեց Արայիկ Պապիկյանը:
Նրա խոսքով, այս զինվորական գործերի քննության կոծկման մեջ «անուրանալի դեր են ունեցել նախկին գլխավոր դատախազներ Աղվան Հովսեփյանը, Գևորգ Կոստանյանը»:
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը պնդում է՝ այս քրեական գործերը չբացահայտելը համակարգային կոռուպցիայի հետևանք է: Նա հիշեցրեց, որ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների մահվան վերաբերյալ քրեական գործերը բացահայտելու նպատակով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը ղեկավարում էր հենց գործող գլխավոր դատախազը, սակայն, միևնույն է, այս գործերով ընթացք տեղի չունեցավ, իրական պատասխանատուները չպատժվեցին:
«Եվ պարոն Փաշինյանը, և տիկին Վարդապետյանը տեղյակ են մանրամասնորեն այս գործերի նյութերին, տիկին Վարդապետյանը բոլոր մանրամասներին տեղյակ է եղել մինչև գլխավոր դատախազ դառնալը, ու հիմա ինձ հարց է հետաքրքրում՝ չկա՞ համակարգային կոռուպցիա, որ ընթացք չի տրվում հատկապես այն դեպքում երբ շարունակաբար պաշտոնների են նշանակվում մարդիկ, ովքեր մասնակցել են այս գործերի քննությանը ու խոչընդոտել գործընթացին: Դուք հաղթահարե՞լ եք համակարգային կոռուպցիան, տիկին Վարդապետյան, դուք պատասխանատվություն չեք զգո՞ւմ», — բարձրաձայնեց Նինա Կարապետյանցը:
Ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջյանի մահվան պաշտոնական վարկածը եղել է էլեկտրահարումը, սակայն դա լրացուցիչ քննության արդյունքում հերքվել է: Տիգրանի մայրը՝ տիկին Գոհարն ասում է՝ պաշոտնական վարկածի հերքման համար պահանջվել է 15 տարի, բայց միևնույն է, պատասխանատուները չեն պատժվել: «Ունենք զինվորի մահ, չունենք մահվան պատճառ: 15 տարի պայքարել եմ ու պայքարում եմ, բայց ոչ մի արդյունք չկա: Թե 20007-ին, թե 2018-ից հետո նույն սցենարով գնում է, համակարգում ոչինչ չի փոխվել», -ասաց տիկին Գոհարը:
Ասուլիսի մանրամասները՝ այստեղ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: