Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից անցել է 24 օր, սակայն խորհրդարանական խմբակցությունները չեն շտապում առաջադրել իրենց թեկնածուին:
Քրիստիննե Գրիգորյանը այդ պաշտոնում ընտրվելուց ուղիղ մեկ տարի անց այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով, Հայաստանի Ազգային ժողովը հունվարի 24-ին ընդունել էր նրա հրաժարականը:
Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի համաձայն, Պաշտպանի լիազորությունները դադարելու դեպքում Պաշտպանի ընտրությունն անցկացվում է Պաշտպանի հրաժարականի մասին հաղորդագրության հրապարակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունից Forrights.am-ին փոխանցեցին, որ և առաջադրման, և թեկնածուի հարցի շուրջ քննարկումներ են ընթանում, այս պահին որոշակի ոչինչ չունեն ասելու: Թեկնածուի հարցում վերջնական համաձայնության չեն եկել նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում: Ըստ մամուլի, որոշ անհատներ, ում իշխանության կողմից արվել է առաջարկ, հրաժարվել են:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մի կողմից բացասական է համարում այն, որ Հայաստանի կարևորագույն ինստիտուտը ղեկավար չունի, մյուս կողմից էլ դրական է համարում այն, որ կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում գործիք դառնալ օրվա իշխանությունների ձեռքին:
«Մինչև հիմա մենք տեսնում ենք՝ այնպիսի նշանակումներ են արվել, որ ցանկացած պաշտոնատար անձ դարձել է գործիք այս իշխանությունների ձեռքին: Ըստ երևույթին, մինչ այս պահը չեն գտել այդպիսի մեկին, որը, բացի այդ, նաև կհամապատասխանի օրենքի պահանջներին», —Forrights.am-ին ասում է Լարիսա Ալավերդյանը:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն, Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթություն ունեցող, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող, ինչպես նաև հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Նույն օրենքի համաձայն, Պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
Պաշտպանն իր պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված հետևյալ երդմամբ.
«Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին՝ պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»:
Նրա խոսքով, Քրիստինե Գրիգորյանի վարքագիծը անընդունելի է. «Ես ընդհանրապես միշտ քննադատել են բոլոր այն պաշտպաններին, ովքեր վաղաժամկետ հեռացել են այդ պաշտոնից. Արմեն Հարությունյանը ժամանակից շուտ հեռացավ այդ պաշտոնից, Կարեն Անդրեասյանը, որը հայտարարեց, թե իր վրա ճնշումներ են գործադրվում: Բա ինչի՞ համար էր Պաշտպանը, որի վրա ճնշում են գործադրում»:
Քրիստինե Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների 5-րդ պաշտպանն էր։ Առաջինը Լարիսա Ալավերդյանն էր, որը պաշտոնավարել է 2004-2006 թվականներին Նրան այդ պաշտոնին նշանակել և ազատել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդը Արմեն Հարությունյանն էր, որը պաշտոնավարել էր2006-20011 թվականներին։ Արմեն Հարությունյանին ընտրել է արդեն ԱԺ–ն, և նա իր հրաժարականի դիմումը ներկայացրել է հենց ԱԺ—ին։ Երրորդ պաշտպանը Կարեն Անդրեասյանն էր, որը նույնպես կարճ է պաշտոնավարել է՝ 2011-2016 թվականներին: Այս երեք պաշտպաններն էլ խնդիրներ են ունեցել իրենց պաշտոնավարման շրջանում գործողիշխանությունների հետ և հեռացել են այդխնդիրների պատճառով։
Հայաստանի 4-րդ ՄԻՊ—ը Արման Թաթոյանն էր, որն ընտրվել էր 2016-ին Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին և շարունակել պաշտոնավարել նաև իշխանափոխությունից հետո՝ մինչև 2022 թվականը: Նա միակն է, որը ժամանակից շուտ հրաժարական չիտվել ու պաշտոնավարել է ամբողջական ժամկետով։
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: