Վարդենիսի տուն-ինտերնատը օրերս հայտնվեց իրավապահների խոշորացույցի տակ։ Հիվանդասենյակում հայտնաբերել են հիվանդներից մեկին, ջեռուցման մարտկոցից ներից մեկում մետաղյա շղթայով կապված։ Հաստատության տնօրենին՝ Կարեն Խարչատրյանին, և մի քանի աշխատողների ձերբակալել են։

Ոստիկանությունը այլ օրինախախտումների մասին էլ է հայտնում՝ հիվանդներից մեկին ստիպել են տնօրենի խոզանոցը մաքրել, մյուսներին հանձնարարել են այն աշխատանքները, որոնց համար ինտերնատի աշխատողները գումար են ստանում։ Ոստիկանությունը հայտնում է, որ հիվանդներին չի տրամադրվել ծխախոտ, օրենքով իրենց հասանելիք սնունդը, տնօրենը կաշառքներ է ստացել աշխատողների  աշխատավարձը բարձրացնելու համար, պահել է  աշխատողներ, որոնք չունեն պահանջվող որակավորումը և այլն։

Քննչական կոմիտեն երեկ հաղորդեց, որ զննությունների ընթացքում պարզվել է, որ տուն-ինտերնատի բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններից: «Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։ Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուն-ինտերնատի բնակիչների նկատմամբ նշված գործողությունները կատարվել են հոգեբույժի հանձնարարությամբ, ինչի մասին տեղյակ է եղել նաև տնօրենը», — հայտնում է ՔԿ-ն:

Մեր տեղեկություններով, ձերբակալվածների թվում է տուն-ինտերնատի գլխավոր հոգեբույժը՝ Միքայել Կահրամանյանը։ 2019 թվականին նա շնորհակալագիր է ստացել Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար, նախկին քաղաքապետ Արամ Մելքոնյանից Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնալու համար։

Վարդենիսի տուն-ինտերնատում նման արտառոց դեպքերը նորություն չեն։Երկու տարի առաջ գործ հարուցվեց կադրերի տեսուչ Բեգրուհի Խլոյանի դեմ։ Նա 16 տարի անհատույց շահագործել էր այնտեղ պահվող հոգեկան խնդիրներով մի կնոջ։ Նա տուն-ինտերնատի տարածքում մթերային խանութ էր բացել, որտեղ շահագործում էր Ռիմա Փիլոյանին առանց աշխատանքային պայմանագրի կնքման ընդուն ել է որպես վաճառողուհի և օգտվելով նրա վիճակից չի վարձատրել՝ այդ կերպ նրան ենթարկելով շահագործման։ Երկու տարի տևեց դատավարությունը, կայացվեց դատավճիռ, որը «Դատալեքս» համակարգից հանված է։

2013 թվականի սեպտեմբերի 3-ին տուն-ինտերնատի բնակիչ 84-ամյա Լեոնիդ Ադունցը հանկարծամահ էր եղել, իսկ մինչ այդ ծեծի էր ենթարկվել մեկ այլ հիվանդի կողմից։ Պաշտոնապես հայտնեցին, որ նա մահացել է սրտամկանի ինֆարկտից, սակայն լուրեր էին տարածվում, որ նրան խեղդահամ են արել։

Հոկտեմբերի 5-ին էլ ինքնասպան էր եղել տուն-ինտերնատի բնակիչ Արմո Ավակիմյանը` 2-րդ հարկի հիվանդասենյակներից մեկի պատուհանից ցած նետվելով:

Հայտնի են դեպքեր, երբ այստեղ հիվանդներին փայտերով են ծեծել։ Երբ ինտերնատ այցելած լրագրողներից մեկը խնդրել էր գլխավոր հոգեբույժ Կահրամանյանից բացատրել, թե ինչ դեղին հետք է հիվանդի մարմնին, նա պատասխանել էր, որ հիվանդը տառապում է էպիլեպսիայով, ընկնում  է գետնին, ինչից մարմինը հարվածներ է ստանում։

2012 թվականին քրեական հետապնդման ենթարկվեց նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանը, որը 4 հիվանդ տղամարդկանց ստիպել էր Ներքին Շորժայում անասուն պահել, նաև բենզինի յուրացումներ էր կատարել։ Գործը դատարան չհասավ։

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest