Պետական սահմանների իրավական հիմքերի բացակայությունը կամայականության մեծ դաշտ է բացում․ ո՞վ է որոշում հայկական սահմանը
Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի Հանրապետութնունում կարեւոր փոփոխություն է տեղի ունեցել․ 35 տարի անց Թուրքիան բացել է Հայաստանի հետ սահմանը Մարգարայի կամրջով, եւ Հայաստանը երկու անգամ այդ կամրջով հումանիտար բեռ է տեղափոխել սահմանից այն կողմ։
Ըստ նկարների, սահմանի վերահսկողությունը իրականացնում էին ռուս սահմանապահները, որոնք, ըստ պայամանագրի, կոչված են պահպանել Հայաստանի սահմանները Թուրքիայի եւ Իրանի հետ՝ որպես «նախկին ԽՍՀՄ արտաքին սահմաններ»։
Նման սահմանումը հարց է առաջացնում, արդյո՞ք Հայաստանն ունի ինքնիշխան սահմաններ։ Ու ի՞նչ կլինի, եթե հայ-թուրքական ներկայիս սահմանը բացվի նաև «երրորդ երկրների քաղաքացիների համար», ինչպես անցած տարվա վերջին պայմանավորվել են ՀՀ եւ Թուրքիայի հատուկ բանակցողներ Ռուբինյանն ու Ղըլըչը։
Հայաստանն ունի երեք «երրորդ երկիր» հարեւան՝ Վրաստան, Իրան եւ Ադրբեջան։ Վրաստանն ու Իրանը սահման ունեն Թուրքիայի հետ եւ հայկական տրանզիտի կարիք չունեն։ Այսինքն՝ խոսքը գնում է Ադրբեջանի մասին։ Հայաստանն ու Ադրբեջանը խորհրդային ժամանակներում ունեին վարչական սահմաններ, որոնք չեն ընդունվել որպես պետական։ Եւ թեկուզ ՀՀ կառավարությունը հայտարարել է Ադրբեջանի հետ երեք սահմանային եւ մաքսային կետեր բացելու մասին, ոչ ոք չի ասում, որն են ՀՀ սահմանները։
Գոյություն ունի 2001 թ․ ընդունված «Պետական սահմանների մասին» օրենք, որի մեջ, սակայն, չկա սահմանների պայմանագրային-օրինական հիմքեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պնդում է ՀՀ տարածքի 29,8 ք․կմ մասին, սակայն դրա հիմունքներն էլ անորոշ են։ Երկար պրպտումներից հետո որոշվեց հղում անել 1991 թ․ Հայաստանի կողմից ստորագրված՝ ԱՊՀ հռչակագրին։ Սակայն հետո պարզվեց, որ ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է այն վերապահումով, չճանաչելով արդեն անջատված Արցախը Ադրբեջանի կազմում։
Հայաստանը չի ճանաչել Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները․ այդ երկրների ղեկավարները համառորեն պահանջում են նման ճանաչում Երեւանի կողմից, բայց դա ենթադրում է հրաժարում ՀՀ Սահմանադրությունից եւ Անկախության հռչակագրի դրույթներից։ Հիշեցնենք, որ Անկախության հռչակագրում հղում է արվում ոչ միայն ՀՀ եւ Արցախի վերամիավորման մասին՝ 1989 թ․ որոշմանն, այլեւ Ցեղասպանությունը ճանաչելուն ու 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետությանը։
Բացի այդ, 2020 թվականի պատերազմի հետեւանքով Հայաստանը կորցրել է իր տարածքի մի ստվար մասը։ Նախ՝ Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ, Մարտունիի, Ասկերանի եւ Շուշիի շրջանները մասամբ՝ պատերազմական գործողությունների հետեւանքով, իսկ Քաշաթաղի, Ակնայի եւ Քարվաճառի շրջանները՝ առանց կրակոցի։ Այս տարածքների հանձնման մասին փաստաթղթի տակ ՀՀ վարչապետի ստորագրությունն է, ենթադրվում է՝ դրանք Հայաստանի տարածք էին, այլապես ՀՀ վարչապետը ինչպե՞ս կարող էր այն օտարել։
Հատկանշական է, որ հանձնման փաստաթուղթն հմուտորեն «հայտարարություն» են կոչել, որը ենթակա չէ վավերացման խորհրդարանում, առավել եւս՝ հանրաքվեյով։
ՀՀ Սահմանադրության Հոդված 205.
- Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:
Պատերազմից հետո՝ 2020 դեկտեմբերին ադրբեջանական զինվորները զբաղեցրել են Գորիս-Կապան ճանապարհի եւ Սյունիքի մարզի մի մասը, Հայաստանին զրկելով ռազմավարական հաղորդակցությունից։ Դա չորակվեց որպես ՀՀ տարածքային ամբողջականութայն խախտում։ Գործող իշխանությունը հիշեց «նախկինների» կողմից դեռ 2010 թ․ ընդունած վարչական սահմանների մասին օրենք, վարչապետը մի քանի անգամ շեշտեց «Էյվազլի եւ Չայզամի» թյուրքական անվանումերը, նոր ճանապարհ սկսեցին կառուցել, եւ հայկական հողի այդ հատվածի «ադրբեջանական պատկանելիությունը» լռակյաց հաստատվեց։
ՀՀ իշխանությունների կողմից սեփական հողի հանդեպ նման վերաբերմունքից ոգեորված, 2021 թ․ մայիսի 12-ին արբեջանցիները զավթեցին եւս մի մեծ հայկական հողակտոր Սեւ լճի մոտակայքում։ Վարչապետն ասաց, որ լճի 30 տոկոսի համար հո չե՞նք կռվելու։
2022-ի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանցիները ռազմական փորձ կատարեցին գրավել ՀՀ նոր տարածքներ եւ բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Ինչպես խոստովանեց նոր նշանակված ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, միայն Իրանի շնորհիվ ադրբեջանցիներին չի հաջողվել ավելի ծավալուն տարածքներ գրավել։ Այնուամենայնիվ, նրանք գրավել են հայկական հողի մի հերթական կտոր։
Իշխանությունները զավթած տարածքների տարբեր թվեր են ասում՝ 40, 75, 110 ք․կմ։ Թեկուզ ՀՀ կառավարությունը պահանջում է տարածքային ամբողջականության վերականգնում, սակայն սահմանների որոշման օրինական չափանիշների բացակայությունը կամայականության մեծ դաշտ է բացում։ Առավել եւս 2020 թ․պատերազմից հետո հայտնված «նոր» սահմանների դեպքում։
Ասենք՝ եթե Ադրբեջանը ցանկանա Հայաստանի տարածքով, դիցուկ՝ Ջերմուկից, արդեն բացված հայ-թուրքական սահմանով «հումանիտար բեռ» ուղարկել Թուրքիա, պատրաս՞տ է ՀՀ կառավարությունը բացել «հայ-ադրբեջանական սահմանը»։ Եւ ո՞վ է այն վերահսկելու։ Չէ՞ որ դա արդեն «ԽՍՀՄ արտաքին սահման» չէ։
Նաիրա Հայրումյան