Դատախազը, ուսումնասիրելով Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նյութերը, 2023 թվականի փետրվարի 16-ին, իր նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այդ մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, մշտապես ճշգրիտ տեղեկություններ ունենալ իրեն վստահված ստորաբաժանման սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայության մասին, պարտավոր լինելով ժամանակին պահանջել և կազմակերպել նյութական միջոցների ստացումը և ենթականերին հանձնումը, իրեն ենթակա ստորաբաժանումում՝ ՀՀ N զորամասի ինժեներական ծառայության ինժեներասակրավորային վաշտում հսկողություն իրականացնել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, պատասխանատու լինելով իրեն ենթակա ստորաբաժանումում հրդեհային անվտանգության պահանջների կատարման համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով, հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում, անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ:

Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 19-ին` կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով: Արդյունքում,  կացարանում բռնկվել է հրդեհ:

Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Դրա հետևանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Նկատենք, որ այս գործով մեղադրյալների թիվը հասավ հինգի:

 

Pin It on Pinterest