«Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով։ Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։ Մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրմաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պիտի ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար։ Եվ մենք հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել։ Մեր տեսլականը հետևյալն է՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար։ Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պիտի վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, այլ ընդհակառակը, իսկապես նշանակի տևական խաղաղություն։ Կրկին արտահայտում եմ ահա այսպիսի պայմանագիրն օր առաջ ստորագրելու մեր կառավարության և անձամբ իմ հանձնառությունը։ Ինչպես նախկինում բազմիցս ասել եմ՝ ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն»,- ասաց Փաշինյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: