Հայաստանը և Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը և ընթանան համապարփակ և տևական խաղաղության ուղով: Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին՝ հենց կողմերին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին ուղղված մեր ուղերձն այն է, որ հարկավոր է լարվածությունը թուլացնելու ուղի գտնել և նորից ընթանալ համապարփակ և կայուն խաղաղության ուղով: Մենք ներգրավված ենք եղել այդ ջանքերում, ներգրավված ենք եղել այդ ջանքերում երկկողմանիորեն, ներգրավվել ենք այդ ջանքերում բազմակողմանիորեն, և կշարունակենք անել հնարավոր ամեն բան ուղղակիորեն կողմերի հետ, ինչպես նաև՝ բազմակողմ կառույցների և խմբավորումների միջոցով, այդ գործն առաջ մղելու համար: Մենք հույս ունենք, որ մյուս երկրները կուղարկեն ճիշտ նույն ուղերձը», – ասել է Փրայսը։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն ողջունում է Երևանի և Անկարայի միջև վերջին շփումները Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, Նեդ Փրայսը նշել է, որ Վաշինգտոնը ողջունում է աշխարհի բոլոր երկրներին, որոնք ավերիչ երկրաշարժերից հետո կանգնել են Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդների կողքին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: