Հայաստանի իշխանությունները որքան խոսում են ոստիկանության բարեփոխումների մասին, ոստիկանությունն իր գործողություններով հակառակն է ապացուցում․ չեն բարեփոխվում։ Վերջին աղմկահարույց դեպքը տեղի ունեցավ շուրջ մեկ շաբաթ առաջ։ Ոստիկանության Էրեբունու բաժնում ոստիկանության մի խումբ ծառայողներ, ըստ փաստաբանների, ծեծի են ենթարկել անչափահասների պաշտպաներին։ Չնայած՝ ոստիկաններն էլ պնդում են, որ փաստաբանները իրենց հայհոյել են, բայց հարց է առաջանում, եթե անգամ նման դեպք է տեղի ունեցել ինչո՞ւ ոստիկանները օրենքով չեն գործել։
«Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն»-ի ղեկավար Սարո Սարոյանի խոսքով՝ նման դեպքերի առկայությունը ցույց են տալիս, որ ոստիկանության որոշ բաժիններում դեռ պահպանվել ու գործարկվում են հին մեթոդները։
«Կան բաժինները, որտեղ ինստիտուցոնալ հիշողությունը՝ բացասական առումով, շարունակում է տեղ գտնել, երբեմն դրանք արտահայտվում են։ Էրեբունու բաժնի դեպքը դրա վառ արտահայտումն է։ Այնտեղ պահպանվել են որոշակի դրվածքներ, որոնք հարկ եղած դեպքում ջրի երես են ելնում, երբ թույլ ղեկավարություն է լինում, այնպիսի մոտեցում է լինում, որ ոստիկաններին թվում է՝ տվյալ դեպքը չի հրապարակվի, նախկին մեթոդաբանությանն են դիմում։ Կան բաժիններ, որոտեղ նախկին դրվածքները պահպանվում են և արտահայտվում են»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը ոստիկանությունում կառուցվածքային փոփոխություններին մասին հայտարարեց 2020 թվականի սկզբին՝ որպես հիմնավորում նշվում էր բարեփոխումները։ Արդյունքում ստեղծվեց Ներքին գործերի նախարարություն, գործող ոստիկանապետ, Փաշինյանի ընկեր Վահե Ղազարյանը նշանակվեց ՆԳ նախարար։ Սարո Սարոյանը շեշտում է՝ այս փոփոխությունները բարեփոխումների հետ որևէ կապ չունեն։
«Երբ կառուցվածքային փոփոխություններ են կատարվում, դա փորձում են բարեփոխման ճանապարհ դիտարկեն։ Դրանք բացարձակ բարեփոխման հետ կապ չունեին։ Նշանակումները, օրինակ՝ ոստիկանապետին նախարար նշանակելը, ցույց տվեցին, որ բացարձակ բարեփոխման խնդիր չեն լուծում։ Այդ նշանակումները եղան, քանի որ պետության ղեկավարության մոտ կա որոշակի պատկերացնում, թե ովքեր պետք է լինեն ուժային կառույցներում պաշտոնների։ Այդտեղ, ոչ թե պրոֆեսիոնալիզմի խնդիրն է դրված, այլ՝ հավատարմության։ Դիտարկվում է, որ ուժային կառույցների ղեկավարների հավատարմությունից է կախված իշխանության լինելիությունը»,-ասաց Սարո Սարոյանը նշելով․
«Ոստիկանության բարեփոխումները կախված են պետության ղեկավարած արտահայտած քաղաքական կամքի և մասնագիտական կարողությունների հետ։ Ոստիկանության բարեփոխումների համար որոշակի կամք է պահանջվում, այդ կամքը ենթադրում է, որ մոտեցումներն այլ լինեն։ Մենք 2018 թվականից տեսնում ենք, որ այդ կամքը եկել հանգել է շատ դրվածքների, որոնք նախկինում եղել են։ Սա ցույց է տալիս, որ մոտեցումը շատ չէր տարբերվում նախորդ ղեկավարության պահանջներից»։
Ոստիկանությունում ստեղծված Պարեկային ծառայությունը փորձ է արվում ներկայացնել որպես բարեփոխման հիմնական ձեռքբերում։ Սակայն, այս ստորաբաժանման ծառայողների նկատմամբ աղմկահարույց դեպքերն էլ քիչ չեն։
«Պարեկային ոստիկանության մոտ որոշակի առումով կա այլ մոտեցում քաղաքացու հանդեպ, քան այն ինչ եղել է մինչ այդ ստորաբաժանումների մոտ։ Ամեն ինչ համեմատության մեջ է պետք տեսնել։ Ուրիշ բան, որ մեր սպասելիքները պարեկային ծառայությունից ավելին էին։ Հատկապես, որ վերջին դեպքը հրապարակում եղավ՝ «Համմերի» հետ կապված, ցույց տվեց, որ մասնագիտական առումով պարեկները այն մակարդակի վրա չեն գտնվում, որ պետք է իրենք ունենային»,-ասում է Սարո Սարոյանը։
Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում ոստիկանությունն արել է այն, ինչը ինքը՝ Փաշինյանը քննադատում էր Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Ոստիկանները և սևազգեստ մայրերին են բռնության ենթարկել, և խաղաղ ցուցարարներին, և լրագրողների աշխատանքն են խոչընդոտել։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։