Հայաստանի արտգործնախարարն այսօր մեկնել է Թուրքիա: Անկարայում արդեն մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ, «Ազատությանը» փոխանցեց Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
Այս պահին ընթանում է երկու նախարարների առանձնազրույցը, որին հաջորդելու է ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Միրզոյանն ու Չավուշօղլուն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Թուրքիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է հայ — թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը:
Միրզոյանը, ԱԳՆ-ի փոխանցմամբ, երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:
Նախարարի հետ Թուրքիա է մեկնել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը: Այդ մասին Ռուբեն Ռուբինյանը հայտնում է Թվիթերում գրառմամբ:
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պատմական է որակել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Թուրքիա կատարելիք այցը: «Սա պատմական այց է, որը հաջորդեց օգնության կարիք ունեցող հարևանին աջակցելու որոշմանը։ Հուսով ենք, որ սա հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների նախանշան է»,- գրել է Կլաարը Թվիթերում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: