2023թ. հունվարի 29-ին Կապանի զորամասում, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ Ավետիս Արիստակեսյանը։ Տղայի առողջական վիճակը կայունացել է, թեև նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ «Կամաց-կամաց կարգավորվում է», — ասաց Արիստակեսյանի հայրը Forrights.am-ին։
Մյուս զինծառայողը՝ Այնթափ գյուղի բնակիչ Յուրի Խաչատրյանը կալանավորված է։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նա իր կողմից համածառայակցին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս կրակոց է արձակել ծառաակցի ուղղությամբ։ Նա պահպանության տեղամասի դիրքի ավագի օգնականն էր։ Մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։
Ինչո՞ւ է տղան կալանավորված, եթե, ինչպես քննչականն է ներկայացնում, պատահաբար է կրակոց արձակել ծառայակցի ուղղությամբ։ Այս հարցի պատասխանը Յուրի Խաչատրյանի հայրը՝ Սարիբեկ Խաչատրյանը չունի։ «Քննություն է գնում, երևի, օրենքն է պահանջում դա, իսկ կարող է, նրան կալանավորել են, որ հանկարծ չվնաս՞ի ինքն իրեն», — ասում է ծնողը։
Նա երեկ է տեսել որդուն, որը ծանր հոգեվիճակում է։ Հայրը պատմում է, որ իր որդին ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է դեպքը պատահել։ « Նրա մտքերը այդ երեխայի հետ են։ Նա իրա ամենասիրած, ամենամոտիկ երեխեն է եղել։ Ընկերներ են եղել, ախբերներ։ Իրանց ծառայության մեջ զինակիցներ են եղել։ Ճակատագիր էր․․․ Դաժան է․․․ Նույնիսկ զղջալը փրկություն չի», — ասում է հայրը։
Յուրի Խաչատրյանը մոտ երկու տարի առաջ էր զորակոչվել։ Կես տարի էր մնում, որ ավարտեր ծառայությունն ու տուն դառնար։ Նա ընտանիքի միակ զավակն է։ «Էս մի թաք երեխեն ա։ Իմ լույս վառողն ու մարողը ինքն ա։ Իմ երեխայի մոտ ամեն ինչ լավ էր, երևի, մի խազ պետք է, որ լիներ։ Ինչո՞ւ ես հիմա պետք է գնայի իմ մինուճար որդու մոտ բերդի դռները։ 16 տարի երեխա չեմ ունեցել, ու էս դաժան պատիժն էլ պետք է կրե՞ի», — տրտմում է հայրը։
Նրան հարցրեցինք, թե ինչպես է որդին ներկայացրել իրեն դեպքը։ «Նա չի խոսում դեպքի մասին, բայց ես ոնց հասկացա՝ անփութություն է եղել, հասարակ անփութություն։ Իրան զենք են տվել, լիցքավորված ա եղել։ Չգիտեմ, ոնց ա եղել, որ կրակել ա։ Միամիտ, առանց մտածելու ա եղել, են իմացել, որ պատռոն ա եղել զենքի մեջ։ Ինքը ի վիճակի էլ չի, որ ինձ պատմի։ Քննություն ա գնում, տեսնենք, գոնե արդար լինի, իմանանք ինչ ա եղել”, — պատասխանեց Սարիբեկ Խաչատրյանը։ Որդու հետ նա մշտական կապի մեջ է։ Հիշում է որդուն պատած բոլոր սարսափ-երազները։ «Գիշերները իրան երազներ են գալիս։ Լավ երազ է գալիս, իրան ուզում են հարցերի դեմ կանգնացնեն, երեխան է գալիս դեմը կանգնում, ասում ա՝ Յուռը արդար ա, Յուռը մեղավոր չի։ Մեկ էլ, ասում ա, աչքս կպնում ա, ու հակառակը՝ լսում ա ձեն՝ Յուռը մեղավոր ա, Յուռը մեղավոր ա։ Իմ տղեն, դաժե մի կենդանու որ նեղացնեին արցունքները լցվում էին։ Ուր մնաց, ինչ որ մարդու հետ բան կատարվի, իր ընկերոջ։ Ես էլ եմ էդ երեխու համար շատ մտածում։ Տեղերը փոխեն, իմ երեխուն տանեն իրանց, իրանց երեխուն բերեմ, ես պահեմ, ի՞նչ ասեմ, ես էլ չգիտեմ․․․», — ասում է։
Սարիբեկ Խաչատրյանը բացառում է, որ որևէ թշնամություն, կամ տհաճ խոսակցություն եղած չի լինի իր որդու և Ավետիս Արիստակեսյանի միջև։ Իսկ կարո՞ղ էր այլ բան կատարված լիներ, և ձեր որդուն մեղավոր կարգեին։ «Չէ։ Իմ երեխան այն երեխան չի, որ այլ բան լինի, իր վրա վերցնի, իմ երեխեն հալալ երեխա ա, թաք տղա ա։ Ու ես միշտ իրան ասել եմ՝ դա քո եղբայրն երն են, մեր օջախն ա, մեր կռիշն ա բանակը, մեկս մեկին տեր պետք է լինենք»։
Սարիբեկ Խաչատրյանը պարբերաբար հետաքրքրվում է Ավտիսի առողջությամբ։ Սպասում է, որ նա լավանա։ «Եթե լավանա, մեր հանդեպ էլ կբարիանան, չէի ուզի լարվածություն լիներ։ Առանց այդ էլ լարված վիճակ է։ Ամեն րոպե ես այդ երեխայից կուրսի եմ, էն էլ է իմ երեխեն»։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: