Ոստիկանության ծառայողները այս գիշեր ծեծի են ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին: Դեպքը տեղի է ունեցել ոստիկանության Էրերբունու բաժանմունքում, որտեղ փաստաբանները ներկայացրել են իրենց անչափահաս վստահորդի շահերը:

«Ոստիկանության բաժանմունքում օպերլիազորը տարբեր բնույթի վրավորական, հայհոյախառն, պատիվն ու արժանապատվությունը կասկածի տակ դնող արտահայտություններ անել Մարզպետ Ավագյանի հասեցին, որը փորձել է պարզաբանումներ ստանալ՝ որն է խնդիրը: Ավագյանի հարցադրումներին հետևում է ագրեսիվ պահվածք ու հարձակում Մարզպետ Ավագյանի նկատմամբ: Հարվածներ հասցրել են նրա մարմնի տարբեր մասերին, հատված չի եղել, որ հարված ստացած չլինի», -այսօր հրատապ ասուլիսում ներկայացրել է ծեծի ենթարկված փաստաբանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանը:

Ամեն ինչ սկսվել է առերես հարցաքննությունից: Երեկ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի անչափահաս վստահորդին բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանության ծառայողները բաժին են բերման ենթարկել, խոշտանգել, հագուստով գլուխը փակել, ծեծի ենթարկել, ոտքերը դրել նրա վրա: Այս դեպքով այսօր արդեն առերես հարցաքննության ժամանակ օպերլիազորը դեպքի այդ մանրամասները լսելուց հետո բավականին լարվել է, ագրեսիվացել: Փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանն էլ մասնակցել են առերես հարցաքննությանը, և փաստաբանի հնչեցրած հարցերը հունից հանել են ոստիկանության ծառայողին:

Մարզպետ Ավագյանին, ըստ փաստաբանի, ոստիկանները շրջափակել են ու ձեռքերով, ոտքերով հարվածել են և երբ մյուս փաստաբան Էմանուել Անանյանը հորդորել է հանգստանալ, ոլորել են նրա ձեռքերը ու հարվածներ հասցրել նրան:

«Այդ ամենը ուղեկցվել է հայհոյանքներով», -նշել է փաստաբանը՝ ընդգծելով, որ ծեծը անընդմեջ շարունակվել է տևական ժամանակ:

Ծեծը դադարել է Քննչական կոմիտեի քննիչների միջամտության արդյունքում, որոնք տեղակայված են նույն շենքի վերևի հարկում: «Քննիչները կարողացել են սաստել ոստիկաններին ու դադարեցնել ծեծը: եթե դա էլ չլիներ, կարծում եմ՝ ծանր հետևանքներ էին առաջ գալու», -նշեց Անանյանը:

Ըստ փաստաբանի, սա մասնավոր անձի դեմ ուղղված չէ, այլ ոտնձգություն է փաստաբանական ինստիտուտի դեմ: «Փաստաբաններին ծեծի են ենթարկել իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու կապակցությամբ», -հավելեց Անանյանը:

Փաստաբանների պալատի նախագահին դեպքից հետո ոստիկանությունից ասել են, թե փաստաբանները ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել։ Սակայն ասուլիսին ներկա պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հռետորական հարց է բարձրացնում. «Եթե անգամ այդպես է եղել, ոստիկանները պետք է ծեծեի՞ն փաստաբաններին: Նման բան է արել, դիմեիք Փաստաբանների պալատին, քրեական գործ հարուցեիք, քրեական ընթացք, ինչ-որ պրոցեսներ սկսեիք, ծեծելը ո՞րն է։ Այն բոլոր ոստիկանները, որոնք ներգրավված են եղել այդ ծեծելու գործընթացի մեջ, պետք է կոնկրետ գնահատական տրվի նրանց արարքին։ Քրեական գնահատականից զատ, պետք է առնվազն նրանց լիազորությունները կասեցվեն։ Քրեական ենթամշակույթը վերցրել, տարել են այդ պատերից ներս: Նրանք չեն կարող ոստիկաններ լինել»։

Հրանտ Անանյանը աբսուրդային է համարում այն, որ ոստիկանության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները ծեծից հետո փաստաբաններին սպառնացել են հանցագործության մասին հաղորդում տալու դեպքում հաշվեհարդար տեսնել նրանց հետ:

Այդուհանդերձ, փաստաբան Հրանտ Անանյանն ասաց, որ միջադեպի վերաբերյալ գրավոր հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե:

Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացրել է, որ ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի ենթարկված փաստաբանները տուժող են ճանաչվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: «ՀՀ քննչական կոմիտե փաստաբանի կողմից ստացվել է հաղորդում՝ փետրվարի  9-ին քրեական մի վարույթի շրջանակում իրականացված քննչական գործողության ժամանակ մի խումբ անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, իր և գործընկեր այլ փաստաբանի՝ մասնագիտական գործունեության ընթացքում իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մասին», -հավելել է Աբրահամյանը։

Բացի այդ, նրա փոխանցմամբ, ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցներ էլ իրենց հերթին են հաղորդում ներկայացրել՝ քննչական բաժնում 2 փաստաբանների կողմից իրենց և ոստիկանության մյուս ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, այդ ընթացքում դրսևորած բացահայտ արհամարհական վերաբերմունքի և բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:

Այս հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ «Փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելը իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով», ինչպես նաև 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն» նախաքձեռնվել է քրեական վարույթ:

«Սկսված նախաքննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի բոլոր հանգամանքներն օբյեկտիվ քննությամբ պարզելու, դրան մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- հայտարարել է Աբրահամյանը:

Կատարվածի վերաբերյալ ՀՀ ներքին գործերի նախարարությունից պարզաբանումներ չեն ներկայացրել: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես, նշվում է. «Դատապարելի և անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում, հատկապես՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանի նկատմամբ։ Հետևողական ենք լինելու այս գործի արդյունավետ քննության իրականացման և մեղավորներին պատասխանատվության ենթարկեու հարցում»։

Փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարությամբ դատապարտել է կատարվածը և պահանջել իրավասու մարմիններին իրականացնել հետևողական քննություն դեպքի առնչությամբ և բոլոր մեղավոր անձանց կանչել քրեական պատասխանատվության:

 

Հասմիկ Համբարձումյան

 

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest