Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական կոալիցիան՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գլխավորությամբ, երեկ Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացրել: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ բանաձևը նպատակ ունի մեծացնել ԱՄՆ ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի Բաքուն վերջ տա Արցախի արդեն երկու ամիս շարունակվող շրջափակմանը:

Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի և Բրեդ Շերմանի հեղինակած օրինագծի սկզբնական աջակիցների թիվը Ներկայացուցիչների պալատում արդեն հասնում է 65-ի՝ ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ օրենսդիրներ:

Գործընկերներին ուղղված նամակում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը գրել է. — «Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը հեռացնելու համար Արցախից և նրանց զրկելու իրենց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից՝ էթնիկ զտումների ակնհայտ նշան, որը մենք չենք կարող անտեսել»։

«Միացյալ Նահանգները պետք է գործի: Ահա թե ինչու ես և Հայկական հարցերով հանձնախմբի իմ գործընկերները ներկայացրել ենք բանաձև, որով Կոնգրեսը միանշանակ կդատապարտի այս մահացու շրջափակումը», — հայտարարել է Բրեդ Շերմանը:

Ի հավելումն Ադրբեջանի գործողությունների խստիվ դատապարտման՝ բանաձևի ընդունվելու դեպքում Ներկայացուցիչների պալատը ԱՄՆ վարչակազմին հինգ գործնական քայլ կառաջարկի Արցախում հումանիտար ճգնաժամի վատթարացումը կանխելու համար:

60 օր առաջ՝ անցած տարվա դեկտեմբերի 12-ին, որպես էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, այն մինչ օրս արգելափակված է մնում: Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական կողմը պարբերաբար արգելափակում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները:

Միջանցքն ապաշրջափակելու՝ Ադրբեջանին բազմիցս ուղղված միջազգային հանրության, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կոչերն առայժմ արդյունք չեն տալիս:

Pin It on Pinterest