Այսօր տեղի ունեցած քվեարկության արդյունքներով, Ազգային ժողովը հավանություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը: Սա նշանակում է, որ Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից:
Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, կողմ է քվեարկել 67 պատգամավոր:
Նշենք, որ ըստ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդության՝ Արմեն Չարչյանը, 2017-ին ընդգրկված լինելով հանրությանը ՊՊԾ գնդի գրավումից հետո «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության կեղծ եզրակացություն:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: