Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր քննարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդի մահ առաջացնելու դեպքի առթիվ 2017 թվականի մարտի 17-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 69100817 քրեական գործը:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել փորձագետների կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ: Նշված դեպքով 2019 թվականի հունվարի 21-ին 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 61200319 քրեական գործը:

2019 թվականի հունվարի 23-ին թիվ 61200319 քրեական գործը միացվել է թիվ 69100817 քրեական գործին:

2023 թվականի հունվարի 20-ին թիվ 69100817 քրեական վարույթով հսկող դատախազը, ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել ՀՀ Ազգային ժողով:

Առաջարկության ներկայացման համար հիմք է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությունում թիվ 69100817 քրեական վարույթի ուսումնասիրությունը, որի արդյունքում պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքների առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ առ այն, որ Արմեն Գերասիմի Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես գործադիր  տնօրեն, ԵՊԲՀ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ  և ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest