Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը:

Միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա. Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ 2022թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ դատավոր Ա.Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել էին՝ գերբեռնվածության պայմաններում աշխատելիս չորս գործով վճիռները տևական ժամանակով ուշացնելու համար։

Կազմակերպությունից տեղեկացնում են, որ Նախշքարյանին ԲԴԽ-ում ներկայացնելու են Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը, որոնք 2021 թվականին ևս Բարձրագույն դատական խորհրդի առջև ներկայացրել էին դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերը Արդարադատության նախարարության միջնորդությամբ երեք կարգապահական վարույթներով։ Միջնորդություններից երկուսը մերժվել էին, իսկ մեկը՝ բավարարվել, և դատավորին հայտարարվել էր խիստ նկատողություն։

Pin It on Pinterest