Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային խմբի կացարանում հրդեհի գործով մեղադրյալ զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը շարունակում է մնալ հիվանդասենյակում: Նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը երեկ է տեսակցել Հակոբյանին, խոսել հետը քրեական վարույթից, առաջադրված մեղադրանքից: Ասում է՝ Հակոբյանի դեմքն այրված է, ամբողջությամբ վիրակապերի մեջ և դժվարանում է երկար խոսել: Այդ է պատճառը, որ ցուցմունք դեռ չի տվել:
«Հակոբյանն այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի, դեռևս դիրքորոշում չի հայտնել մեղադրանքի վերաբերյալ: Նա դեռևս ցուցմունք չի տվել, բայց երեկ վարույթն իրականացնող մարմնին պատրաստակամություն է հայտնել ցուցմունք տալ ամենայն մանրամասնությամբ: Բայց կտա այն ժամանակ, երբ առողջական վիճակը թույլ տա», —Forrights.am-ին ասաց Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը:
Պաշտպանյալի հետ զրույցից փաստաբանը տեղեկություններ չի հայտնում, ասում է՝ փաստաբանական էթիկան թույլ չի տալիս, բայց մեկ բան առանձնազրույցից շեշտում է. «Եղիշե Հակոբյանը շահագրգիռ է, որ օբյեկտիվ ու բազմակողմանի քննությամբ պարզվի դեպքի բոլոր հանգամանքները և այդ է պատճառը, որ պատրաստ է ամենայն մանրամասնությամբ տալ ցուցմունքներ»:
Եղիշե Հակոբյանը, հիշեցնենք, այն անձն է, որի մասին հանրային մեղադրանք ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով Հակոբյանի գործողությունները հրդեհի պահին.
«Նախնական տվյալներով, ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարայով բացել, լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, էլի նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով էդ 5 լիտրանոցով բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ, ոչ դիտավորյալ»:
Վարույթն իրականացնող մարմինը հակված է առաջնորդվել վարչապետի հայտնած գործողությունների տրամաբանությամբ, և օրերս էլ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացնելով Հակոբյանին առաջադրված մեղադրանքը, տեղեկացրել էր, որ սպան խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու օրենսդրության պահանջը, համաձայն որի, արգելվում է վառարանները վառելու համար որպես կպչան, ավտոբենզինի և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը:
Հովսեփ Սարգսյանն ասում է՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը «խիստ նախնական է» այն պարզ պատճառով, որ զոհված զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննությունների երզակացությունները ստացված չեն:
«Այս պարագայում խոսել հանրային քրեական հետապնդման փաստարկված լինելու մասին դեռ վաղ է: Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, ապա կարող եմ ասել, որ նա որպես հեղինակային դիրք ունեցող ղեկավար անձ, իրավունք չուներ նախնական ինչ-որ դիրքորոշում հայտնելու, քանի որ նախաքննական մարմինը կարող էր նաև կաշկանդված լինել վարչապետի արտահայտած դիրքորոշումից: Բայց այս պահին կարող եմ ասել, որ նախաքննական մարմինը շատ լավ քննություն է իրականացնում», -նշում է Սարգսյանը:
Փաստաբանի խոսքով, ինքը ծանոթացել է նախաքննական մարմնի տրամադրած փաստաթղթերին, նյութերին որոնք թույլ են տալիս եզրակացնել՝ վարույթն իրականացնող մարմինը քննում է միանգամից մի քանի վարկածներ:
«Իրականացվում է ինտենսիվ քննություն: Նշանակված փորձաքննությունները շատ հարցերի պատասխաններ կտան, իսկ դրանց համակցված վերլուծությունը կտա արժանահավատ եզրակացություն: Դրա հիման վրա եմ ասում, որ իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը խիստ նախնական է, իսկ դրա հիման վրա պատկերացում կազմելը չի տեղավորվում անմեղության կանխավարկածի տրամաբանության մեջ», -ընդգծում է փաստաբանը:
Նկատենք, որ զորամասի հրդեհի գործով, երբ 15 զինծառայող էր մահացել, մեղադրանք է առաջադրվել ևս երկու զինվորական պաշտոնյաների: Նրանք կալանավորվել են:
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: