Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան փաստի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում զոհված զինծառայողների ծնողները ճանաչվել են որպես տուժողի իրավահաջորդ: Այս պահին մեղադրյալ երկուսն են՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը և ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ. Ս.-ն: Երկուսն էլ կալանավորված են:
«Իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ», — Forrights.am-ին ասում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Բացի զոհված զինծառայողների ծնողներից, տուժողի կարգավիճակ են ստացել նաև վիրավորված ժամկետային զինծառայողները: «Հրդեհի հետևանքով վնասվածք ստացած բոլոր ժամկետային զինծառայողները ճանաչվել են տուժող», -հավելում է Աբրահամյանը:
Քրեական վարույթի շրջանակներում տեղի են ունեցել հարցաքննություններ: Սպան, որը ըստ Քննչական կոմիտեի վարկածի, փորձել էր ավտոբենզինով վառել վառարանը և այժմ Այրվածքաբանության կենտրոնում բուժում է ստանում, չի հարցաքննվել:
Այրվածքաբանության կենտրոնից Forrights.am-ին փոխանցում են, որ զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 3 զինծառայողներն էլ արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ: Ավելին, նրանցից մեկն արդեն տեղափոխվել է Զինվորական հոսպիտալ: Նրանց բոլորի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության:
Ի դեպ, վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև դասակի հրամանատարը, որը հրդեհի օրը դեպքի վայրում լրագրողներին հարցազրույց էր տվել և հայտարարել էր, որ բանակում իր որակմամբ՝ «բառդակ» է, իսկ դրա պատասխանատուն բոլորն են ու մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնյաները: Այդ հարցազրույցից որոշ ժամանակ անց տարբեր խոսակցություններ էին տարածվում, թե նա ձերբակալվել է, սակայն նրա ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Բաբայանը հերքել էր այդ հայտարարությունները: Փոխարենը այսօր՝ հունվարի 31-ին նա հայտարարել է, թե դասակի հրամանատարը ազատվել է ծառայությունից: «Դասակի հրամանատարը իր զեկուցագրի հիման վրա ազատվել է ծառայություննից»,- ասել է Արսեն Բաբայանը:
Քրեական վարույթը և առկա վարկածները
ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քրեական գործերի վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ «Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, ռադիոակտիվ նյութի, պայթուցիկ նյութերի հետ վարվելու կարգը խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մեկից ավելի անձի մահ»:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակն ասում է՝ ավտոբենզինով վառարանը վառելու և դրա հետևանքով հրդեհի բռնկման վարկածը շարունակում է մնալ որպես հիմնական վարկած: Հիշեցնենք՝ այս վարկածը առաջինը հանրայնացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացնելով դեպքի մանրամասները.
«Նախնական տվյալներով, ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարայով բացել, լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, էլի նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով էդ 5 լիտրանոցով բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ, ոչ դիտավորյալ»:
Վարչապետի այս հայտարարությունից հետո Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել ներկայացնելով դեպքի հանգամանքները, այսինքն՝ այն, ինչ ասել էր վարչապետ Փաշինյանը:
«Այս պահին հիմնական վարկած շարունակում է մնալ այն, ինչի մասին Քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ համապատասխան նախնական ու անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու արդյունքում», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Աբրահամյանը:
Մինչդեռ ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին, հարցազրույցներ են տալիս լրատվամիջոցներին և առաջ են քաշում տարբեր վարկածներ առ այն, որ այդ զորամասում զինծառայողների ու սպայի միջև հարաբերությունները լարված են եղել, և հնարավոր է՝ զինծառայողների կացարանը դիտավորյալ է հրդեհվել:
Մասնավորապես, հրդեհի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Վոլոդիա Ներսիսյանի ծնողներն ու եղբայրը Forrights.am-ի հետ զրույցում ասել էին, որ զինվորների մահը դիտավորյալ է եղել։ «Դիտավորություն է եղել, չեմ կարող ասել՝ դրսի թշնամին է արել, թե՝ ներսի։ Տրամաբանական չէ, որ մարդ քնած տեղն այրվի ու ոչ մի ուժ չգործադրի։ Դուռը փայտից սովետական դուռ էր, եթե դրսից փակած չլինեին, բացելը մի վայրկյանի պատմություն է»,-ասել էր Վոլոդիայի եղբայրը՝ Կառլոս Ներսիսյանը։
Քննչական կոմիտեի նախագահի խոսնակից հետաքրքրվեցինք՝ արդյոք նախաքննական մարմինը դիտարկում է զոհված զինծառայողների հարազատների ներկայացրած վարկածները, փաստարկները, Աբրահամյանը պատասխանում է. «Այս ընթացքում հնչեցված ու հանրայնացված հայտարարությունները, որոնք քիչ, թե շատ կոնկրետություն ու որոշակիություն են իրենց մեջ պարունակում, անպայման դառնում են քննության առարկա»:
Այդքանով հանդերձ, Աբրահամյանն ասում է հիմնական վարկածը մնում է ավտոբենզինի միջոցով վառարանը վառելու հետևանքով հրդեհի առաջացումը, որի պատճառով զոհվել են 15 զինծառայողներ, հետևաբար նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել:
Երկու անձինք, որոնց մեղադրանք է առաջադրվել ու այժմ կալանքի տակ են, անմիջական դեպքի վայրում չեն եղել, սակայն ի պաշտոնե, ըստ նախաքննական մարմնի, առնչություն են ունեցել վայրին, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը:
Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ օրինակ՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը պատասխանատու է եղել զորամասում հակահրդեհային պաշտպանության կազմակերպման ու վիճակի համար ու «իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չի կատարել»:
Մյուս մեղադրյալը ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ն է, որը ըստ Գլխավոր դատախազության, պատասխանատու է եղել հակահրդեհային պաշտպանության կազմակերպման, հրշեջ խմբի, հրդեհամարիչ միջոցների մշտական պատրաստության և անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջներն ուսուցանելու, կրակմարիչների տեխնիկական վիճակի հաշվառման, բոլոր տեսակի կացարաններում կրակմարիչներ տեղադրելու համար: Սակայն, նախաքննական մարմնի փոխանցմամբ, իր ծառայողական պարտականությունները բարեխիղճ չի կատարել:
Երկու պաշտոնյաներին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով է՝ 550-րդ հոդվածի 3-րդ մաս՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»:
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: