Հունվարի 29-ին, նախնական տվյալով զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Զինծառայողը գտնվում է բժիշկների հսկողության տակ», -նշել է նա
Հիշեցնենք՝ հունվարի 29-ին դիրքում վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել էր Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել՝ բաց վիրահատության:
Քննչական կոմիտեն դեպքի մասին հաղորդելիս, տեղեկացրել էր, որ հունվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ՊՆ ՌՈ Կապանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում եւ տեղափոխվել բուժհաստատություն:
Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք էր առաջադրվել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: