Այսօր հունվարի 28-ն է, Հայոց բանակի տոնը։ Եռաբլուրում վաղ առավոտից  Ներքին զորքեր էին տեղակայվում։ Երկու խիտ շարքերով կապույտ ոստիկանական համազգեստով աշխատակիցներն էին փակել ճանապարհը, իսկ նրանց հետևում՝ մեծ թվով Կարմիր բերետավորներ։ Սպասվում էր վարչապետ Փաշինյանի, կառավարության  անդամների ու նախագահի այցը Եռաբլուր։

Լրագրողների և Եռաբլուրում թաղված զինվորների ծնողների մուտքը տարածք այդ ընթացքում արգելված էր։ Ծնողները չէին կարող մոտենալ իրենց զավակների շիրիմներին։

«Ամեն օր մի 19 տարեկան երեխա եք դնում հողի տակ։ Ոտքի կանգնեք», — ասում էր մուտքի մոտ կանգնած սևազգեստ մայրերից մեկը։

Լրագրողները փորձում էին հարցեր տալ Եռաբլուր այցի եկած բարձրաստիճան  պաշտոնյաներին, սակայն նրանց մոտենալ հնարավոր չէր։

Ազատ գյուղում տեղի ունեցավ ողբերգական դեպքի վերաբերյալ հարցերից խուսափելով, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը կոպտեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։

«Միկրոֆոնները տարեք հեռու։ Դուք դատավոր չեք ինձ համար, որ եկել եք ինձ նման հարցեր եք տալիս», — ասաց նա։

44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ասաց, որ Եռաբլուր Պանթեոնում է եղել առավոտյան 10-ին։ Նա ազատ մոտեցել է որդու շիրիմին, և դուրս գալուց նոր տեսել է կուտակումները։ Տպավորությունների տակ, խոսելու տրամադրություն չուներ։

«Մտել եմ, դուրս գալուց նոր հավաքված են եղել։ Այլ պանթեոններ, ուրիշ գերեզմանատներ ենք գնացել, տներ, որոնք մեզ շատ հարազատ են։ Շատ այցելություններ եմ ունեցել, ու չեմ ուզում, չեմ կարող էսօր խոսել», — ասաց նա։

Անհետ կորածի հորեղբայր, զոհվածի եղբայր Արսեն Ղուկասյանն այսօր առավոտյան, ժամը  հինգ անց կես  եղել է Եռաբլուրում։ Ոստիկանությունն  արդեն այնտեղ է եղել։  Փաշինյանն ու թիմակիցները արագ անցել են «պրոտոկոլային» տեղերով։

«Իրենք եկան մոտ 8․30։ «Պրոտոկոլի» համար գխավոր հուշահամալիրի մոտ ծաղիկ են դնում, հետո ինչպես միշտ մոտենում են Վազգենին, Անդրանիկին, Մնոթեին չեն էլ մոտենում արդեն։ Բայց նրանց հնարավոր էլ չի մոտենալ արդեն, որ տեսնես նրանց շարժը։  Գալիս են նկարվելու, գալիս են ի՞նչ անեն։ Օրինակ, Վազգենի շիրիմին խոնրահվում է, ի՞նչ անի։ Ասի՝ Վազգեն, ստեղծածդ բանակը քանդեցի՞։

Որ տեսնում ես, որ այս ամենի մեջ կեղծիք կա, ավելի ես նյարդայնանում։ Ուզում ես հասկանալ, իրեն ասել են բազմիցս՝ մի արի, քո գալով ավելի ես սրանց ներվայնացնում ու սադրում։ Բայց նա գալիս է իր մեղքով զոհվածներ մոտ։  Ինքն է, չէ, ասել՝ կունենայինք նույն վիճակը, բայց առանց զոհերի», — Forrights.am-ի հետ զրույցում  նշեց Արսեն Ղուկասյանը։

Նա տհաճ միջադեպի է ականատես եղել այսօր։ «Ուազիկի մեջ նստած մի դիպուկահար զոհվածի մոր հետ «արայով» խոսեց։ Ես մոտեցա նրան, վիճաբանություն եղավ։ Նա զինվորական համազգեստով էր, պետական պահպանության ծառայության աշխատակից։ Մարդը  բանակին տղա ա  զոհաբերել, որ այսօր պետական ծառայողները զոհված տղու մոր «արա»-ո՞վ խոսեն։ Էս ո՞ւր ենք հասել»։

Արսեն Ղուկասյանը գտնում է, որ բանակի տոն կարող է նշել միայն հաղթանակած բանակը։ «Մենք չունենք բանակ, ի՞նչ ենք տոնում։  Պարտված բանակը չպետք է բանակի տոն նշի, այլ ռեզերվը պիտի հավաքի մի տեղ, ցույց տա գործով, որ ինքը կա, ու նոր բանակի տոն նշի։ Բայց այսօր բանակը պարտված է։ Այս ամենի մեջ  միակ հաղթանակածները  մեր զոհված տղաներն են։ Վերջին 30 տարվա ընթացքում եթե կա Հայաստանում հաղթանակած մարդ, դա մեր նահատակված տղաներն են։ Ուղղակի ես չեմ ուզում, որ մեր հաղթողների շարքը այդ ձևով շատանա։ Մեզ ողջ հերոսներ են պետք, ոչ թե նահատակված, բայց առայժմ, ոնց նայում ենք, նահատակված հերոսները դեռ շատանում են»։

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest