Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Խանդոյանն ընդդեմ Հայաստանի» հայցը որոշել է հանել գործերի ցանկից՝ կողմերի բարեկամական հաշտեցման հիմքով։ Դա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը գիտակցել է Արարատ Խանդոյանի նկատմամբ իրավունքի խախտումը և հայց ներկայացրած Արարատ Խանդոյանի հետ գնացել է հաշտեցման: Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է 4150 եվրո փոխհատուցել Խանդոյանին:

«Եվրոպական դատարանն ի գիտություն է ընդունում կողմերի միջև ձեռք բերված բարեկամական կարգավորումը: Համոզված է, որ կարգավորումը հիմնված է մարդու իրավունքների հարգանքի վրա, ինչպես սահմանված է Կոնվենցիայով և նրա արձանագրություններով, ուստի որևէ պատճառ չի գտնում հիմնավորելու դիմումի շարունակական քննությունը: Այս պատճառներով Դատարանը միաձայն որոշում է հայցը հանել իր գործերի ցանկից»,- նշվում է ՄԻԵԴ որոշման մեջ։

Հիշեցնենք՝ Արարատ Խանդոյանը 2016-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ՝ «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրն է: Ըստ մեղադրանքի, նա 2016 թ․ հուլիսի 20-ին մասնակցել է ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին աջակցելու համար Խորենացի փողոցում անցկացված բողոքի ակցիաներին և այդ ընթացքում բռնություն է գործադրել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ հարվածել է, քաշքշել ու փորձել խլել ոստիկանի վահանը: 2017-ին Խանդոյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ դատարանի կողմից դատապարտվել էր 3.5 տարի ազատազրկման: Նկատենք, որ մեղադրողը դատարանից պահանջել էր 4 տարով ազատազրկել Արարատ Խանդոյանին։

Վերջինի ներկայացուցիչը դիմել էր ՄԻԵԴ՝ պնդելով, որ ՀՀ ներպետական ատյանները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասը՝ կալանավորման համար համապատասխան և բավարար պատճառների բացակայության մասին։

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է բազմաթիվ հայցվորների, այդ թվում՝ ռազմագերիներին, ընդգծում է՝ Հայաստանի կառավարության հետ նման հաշտեցման հիմքով որոշումներ մի քանի գործերով կայացվել են, և Խանդոյանի դեպքը նախադեպ չի կարող լինել:

«Այս որոշումը նշանակում է, որ կոնկրետ այս գործով Հայաստանի կառավարությունը վստահ է եղել, որ Եվրոպական դատարանը ճանաչելու է մարդու իրավունքների խախտումը և այս փուլում գնացել է հաշտության», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Զեյնալյանը:

Խանդոյանի վերաբերյալ քրեական գործով որոշում կայացրած Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը Մնացական Մարտիրոսյանն է եղել, որը տարբեր տարիներին ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ խիստ դատավճիռներ է կայացրել և փաստաբանական համայնքի կողմից միանշանակ չի ընկալվում: Վերջերս էլ Բարձրագույն դատական խորհուրդը նրան ընտրել էր որպես Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, սակայն քաղհասարակության բողոքի ու քննադատության ալիքի ներքո նա հանվեց դատավորների ցուցակից և նշանակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

Զեյնալյանն ասում է՝ Մնացական Մարտիրոսյանը թույլ տված խախտման համար պետք է պատասխանատվության ենթարկվի:

«Կարծում եմ Եվրոպական դատարանի այս որոշումը պետք է հիմք հանդիսանա Մնացական Մարտիրոսյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար, և արդարադատության նախարարությունը պետք է նման նախաձեռնությամբ հանդես գա», -ընդգծում է Զեյնալյանը:

Հարցին՝ նույնիսկ եթե Մրդու իրավունքների եվրոպական դատարանը դատարավորի սխալներին չի անդրադարձե՞լ, Զեյնալյանը արձագանքում է. «Որևէ նշանակություն չունի: Խախտում է թույլ տվել, և այդ խախտումները դատարանների առջև բարձրացվել են: Նշանակում է՝ դատական համակարգը թույլ է տվել, որ իր ցանցով անցնեն այդ խախտումները, հետևաբար դատարանի կողմից խախտում կա: Այստեղ լրջագույն խնդիր կա՝ դատական համակարգը սխալ է թույլ տվել, և պետք է գտնել՝ պատասխանատուն ով է լինելու դրա համար»:

Նկատենք, որ ՄԻԵԴ որոշման հիման վրա Հայաստանում դատավորին «պատժելու» նախադեպ գրանցվել է օրերս, երբ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները: Ըստ ԲԴԽ-ի, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ նա խախտել է քաղաքացու հիմնարար իրավունքները:

«Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով արձանագրվել են իրավական որոշակիության, դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքների, ինչպես նաև քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումներ: Այնսինքն՝ դատարանը նույն քաղաքացիական գործի շրջանակներում վերադարձրել է վճռաբեկ բողոքը՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, սակայն շուրջ 6 ամիս անց նույն գործով, նույն կողմի վերստին ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել, ինչի արդյունքում ստացվել է, որ դատարանի կողմից նույն գործով երկու իրարարմերժ որոշումներ են կայացվել», -տեղեկացնում են ԲԴԽ-ից:

Հասմիկ Համբարձումյան

 

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest