Ռուսաստանը գտնում է, որ Բրյուսելը շահագրգռված չէ Ադրկովկասում խաղաղությամբ, ցանկանում է դիտորդական առաքելության միջոցով իր դիրքերն ամրապնդել Հայաստանում և ճնշել ՌԴ միջնորդական ջանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օպերատիվ կերպով առաքելություն տեղակայել Հայաստանում:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ակնհայտ է, որ Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական նոր առաքելությունն ավելի մասշտաբային է լինելու, քան ԵՄ մոնիտորինգի մեխանիզմը, որը Հայաստանում գործում էր անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։
«Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Մենք որևէ «ավելացված արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ԵՄ «փորձագետների» վերահսկողությունից: Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա իրենց առաքելության աշխատանքի պայմանները կհամաձայնեցնեին Ադրբեջանի հետ», — գրված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության համոզմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելությունը կարող է աշխարհաքաղաքական առճակատման հանգեցնել:
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը նույնպես չպետք է մոլորեցնի. այն ձևավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», — հավելել են ՌԴ արտգործնախարարությունում։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռուսաստանցի խաղաղապահները կարձագանքեն Եվրամիության դիտորդների պահվածքին:
«Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու Եվրամիության փորձերը կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում։ Համոզված ենք, որ տեսանելի հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուսաստանցի սահմանապահները: Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը», — նշված է հաղորդագրությունում։
ՌԴ արտգործնախարարությունը նաև ընդգծել է Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության օպերատիվ տեղակայման հնարավորությունը:
«Մենք արձանագրում ենք, որ ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Երևանում գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցների մոտ շահագրգռվածություն կա՝ օգտագործելու ՀԱՊԿ ներուժը, ապա նրա առաքելությունը կարող է օպերատիվ կերպով տեղակայվել Հայաստանում», — հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
Գերատեսչությունը հավելել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակայուն և տևական հիմքը 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների խստիվ և հետևողական կատարումն է, այդ թվում՝ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և սահմանագծումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, հասարակության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև եռակողմ շփումների զարգացումը։ ՌԴ ԱԳՆ-ն շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: