Զորամասի զորանոցում բռնկված հրդեհի գործով ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը այսօր առավոտյան ձերբակալվել է: Այդ մասին քիչ առաջ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Պաշտոնյան, սակայն նախաքննության գաղտնիության սկզբունքը պահպանելու համար չի մանրամասնել՝ այս գործով ենթադրյալ մեղավոր անձանց շրջանակը:
«Դատախազությունը զինդատախազի մակարդկաով ամենօրյա հսկողություն է իրականացնում գործընթացի նկատմամբ: Բոլոր անձանց նկատմամբ նաև խափանման միջոցի հարցերն են քննարկվելու և այդ ուղղությամբ կան ստրատեգիական լուծումներ: Նախաքննության շահերից ելնելով թույլ տվեք չհանրայնացնել այն անձանց հերթականությունը, ում նկատմամբ ձերբակալման գործողություններ են իրականացվելու: Համադրվում են կանոնադրություններն ու կանոնագրքերը՝ հասկանալու, թե ով ինչ չի արել անվտանգության կանոնները պահպանելու տեսանկյունից: Այս գործով դատախազությունը մանրամասն հանրությանը կտեղեկացնի կատարվող քննության, բոլոր ստուգվող վարկածների մասին, որպեսզի քննության արդյունքներով մենք չունենանք սև խոռոչներ, ասեկոսեներ և բամբասանքի մակարդակի փորձագիտական կարծիքներ», -հայտարարել է Գլխավոր դատախազը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: