66-ամյա Դավիթ Վարդանյանը, որը տեսողական խնդիրներ ունի ու չի տեսնում, այս ամիս կենսաթոշակ չի ստացել. դեռևս նոյեմբերին «Ակբա ագրիկոլ» բանկում ծագած խնդրի հետևանքով նա զրկվել է բանկային քարտ ունենալու հնարավորությունից:

«Հաղորդագրություն եկավ, թե քարտի վավերականության ժամկետը պետք է  երկարացնել: Գնացի կնոջս հետ, աշխատակցուհին հրաժարվեց թույլ տալ ստորագրել: Պահանջեց ճիշտ անձնագրի ստորագրություն, ես ասացի այդպես էլ կստորագրեմ, հարցրեց՝ կույր եք, ասացի՝ այո, հայտարարեց, թե չեմ կարող ստորագրել: Ասում եմ՝՝ երկար տարիներ ինչպես եմ ստորագրել, չի պատասխանում: Ասում է թող խնամակալ գա, ես էլ ասում եմ՝ ինձ խնամակալ չի հասնում, ինձ հետ իմ կինն է: Բայց աշխատակիցն անդրդվելի էր, ասում է՝ կարող է ես իրեն չեմ վստահում», -Forrights.am-ին ներկայացնելով իր հետ պատահածը ասում է Դավիթ Վարդանյանը:

Քաղաքացին ու իր կինը բանկի աշխատակցին ոչ մի կերպ չեն կարողանում համոզել, որ իրենց մոտ դա առաջին անգամը չէ, բանկի ծառայություններից օգտվում են երկար տարիներ և կարող է նույն կերպ ստորագրել: Աշխատակցուհին պահանջում է նոտարի կողմից հաստատված լիազորագիր ներկայացնել այն մասին, որ Դավիթ Վարդանյանի կինը կարող է նրա փոխարեն ստորագրել բանկային քարտի վավերականության ժամկետը երկարացնելու մասին դիմումի մեջ:

«Նոտարի կողմից լիազորագիրը կինս ներկայացրել է բանկ, ասել է՝ իրավաբանի հետ կխորհրդակցենք: Բայց հաջորդ օրը զանգում են, ասում են՝ մերժվել եք: Հարցնում ենք՝ ինչու հարցին, պատասխանում են՝ կարող է կույրը լինի արտերկրում, մահացած լինի, բայց դուք իր լիազորագրով գաք քարտի ժամկետ երկարացնեք, թոշակ ստանաք: Չի կարելի», -պատմում է Վարդանյանը:

Այստեղից սկսվում է իր իրավունքների պաշտպանության համար քաղաքացու ոդիսականը: Նա դիմում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, Կենտրոնական բանկ, Սոցիալական ապահովության տարածքային կենտրոն:

Այստեղ կարողացել են օգնել կանխիկացնել 2 ամիսների կենսաթոշակը, բայց ավելին չեն կարողացել անել՝ իրենց լիազորություններից դուրս է: «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մի շարք միջամտություններից հետո բանկի սպասարկողներից մեը զանգում, ասում է թող կույրը գա, մեր մոտից թուղթը վերցնի, գնա նոտար, վկաների ներկայությամբ ստորագրի, հետո տանի հանձնի բանկ: Իսկ ես էլ արձագանքում եմ՝ այդ ամենի համար գումար է հարկավոր, դրա փոխհատուցումն ո՞վ է տալու: Չէ՞ որ արդեն նոտարի մոտ մեկ անգամ գումար ծախսել ենք: Դիմել եմ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, որի աշխատակիցը աբսուրդ պատասխան տվեց ինձ՝ մասնավոր բանկ է, իրենք չեն կարող միջամտել:

Ես էլ հակադարձում էի՝ թե Հայաստանում գործող բանկ է, պետք է ենթարկվի ՀՀ օրենքներին: Բայց չէ՞ որ Ազգային ժողովի պարտավորությունն է վերահսկել՝ եթե օրենքներում բաց կա, փոփոխել, որ մարդկանց կյանքը ավելորդ չբարդացնեն, եթե բաց չկա, ուրեմն օրենքը խախտում է բանկը», -նշում է քաղաքացին:

Կենտրոնական Բանկին ուղղված նամակով Դավիթ Վարդանյանը փորձել է հասկանալ՝ ինքն իրավունք ունի՞ թոշակ ստանալ և եթե ունի, ապա ի՞նչ կարգով: ԿԲ-ից քաղաքացուն չեն պատասխանել:

Forringhts.am-ի նույն հարցին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանել են. «Կենտրոնական բանկը կարևորում է  հասարակության բոլոր խմբերի համար ֆինանսական ծառայությունների հասանելիությունը և այդ առումով տեսողության խնդիրներ ունեցող անձանց սպառողական վարկերի տրամադրման և նրանցից ավանդների ներգրավման գործընթացները կարգավորվում են նույն օրենքներով, ինչ այլ անձանց տվյալ ծառայությունների մատուցումը։

Միևնույն ժամանակ նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում կողմերի միջև գրավոր գործարքի կնքման դրույթները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածով, համաձայն որի եթե քաղաքացին ֆիզիկական արատի պատճառով չի կարող իր ձեռքով ստորագրել, ապա նրա խնդրանքով գործարքը կարող է ստորագրել այլ քաղաքացի: Վերջինիս ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող այլ պաշտոնատար անձը` նշելով այն պատճառները, որոնց ուժով գործարք կնքողը չի կարողացել այն ստորագրել»:

«Ակբա Ագրիկոլ» բանկից Forrights.am-ին ասացին, որ կկապվեն քաղաքացու հետ, և խնդրին լուծում կտրվի: «Հավանաբար, քաղաքացու մոտ թյուրընկալում է առաջացել: Մեր աշխատակիցները կկապվեն նրա հետ, և պարզաբանումներ կտրվեն: Եթե նա կցանկանա, կարող է շարունակել լինել մեր բանկի հաճախորդ», -փոխանցեցին բանկից:

Կշարունակի՞ նույն բանկի հաճախորդ լինել, քաղաքացի Վարդանյանը դեռ չի որոշել: Այս պահին նրա համար տարօրինակ է՝ ինչպե՞ս են իշխանությունները անկանխիկ առևտրի մասին քարոզում այն դեպքում, երբ բանկերը նման բյուրոկրատական քաշքշուկի մեջ են գցում քաղաքացուն:

«Ստացվում է՝ ես մի քանի ամիս է՝ չեմ օգտվում անկանխիկ եղանակով առևտրի դեպքում թոշակի վերադարձի հնարավորությունից: Իմ իրավունքի խախտում կա: Ես, իհարկե, հաճույքով բանկը կփոխեմ, բայց մտավախություն ունեմ, ես ի՞նչ իմանամ հաջորդ բանկը իմ առաջ ինչ խնդիրներ կդնի», -հարց է բարձրացնում Դավիթ Վարդանյանը:

Հասմիկ Համբարձումյան

 

 

 

Pin It on Pinterest