Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կրկնել է հրաժարականի դիմումը։
Ըստ օրենքի՝ մեկ շաբաթվա ընթացքում դիմումը կրկնելու դեպքում հրաժարականն ընդունվում է:
Քրիստիննե Գրիգորյանը երեկ հայտնեց, որ այլ աշխատանքի անցնելու պատճառով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով՝ չմանրամասնելով, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը։ Նրա խոսնակն «Ազատությանն» ասել էր, որ «Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնանք այս թեմայով որևէ մեկնաբանությունից»։
Կան տեղեկություններ, որ Քրիստինե Գրիգորյանն առաջիկայում պետական համակարգում աշխատանքի կանցնի: Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը երեկ չհերքեց այս տեղեկությունը՝ հորդորելով սպասել պաշտոնական հաղորդագրությանը։
Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց նախորդ տարվա հունվարի 24-ին՝ պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ, միայն իշխանական պատգամավորների ձայներով։
Մինչ Պաշտպան ընտրվելը, Քրիստիննե Գրիգորյանը 2009-ից եղել է ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնականը, հետո խորհրդարանի նախագահի իրավական հարցերով օգնականը, 2018-ից հետո՝ փոխվարչապետի խորհրդականը, իսկ 2019-ին նշանակվել է արդարադատության փոխնախարար։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: