Եվրախորհրդարանն Արցախի շրջափակման հումանիտար հետեւանքների մասին բանաձեւ է ընդունել։ Բանաձեւը եվրախորհրդարանականներն ընդունել են ձեռք բարձրացնելով՝ փաստացի առանց ձայների հաշվարկի։
Եվրախորհրդարանականները բանաձեւում ափսոսանք են հայտնում լուրջ հումանիտար ճգնաժամի կապակցությամբ, որն առաջացել է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով:
Բանաձեւում ընդգծվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Կոչ է արվում միջազգային կազմակերպություններին անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել, ինչպես նաեւ կոչ է արվում ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելությանը այցելել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար:
Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են այդ շրջանում գտնվող ռուս խաղաղապահների «անգործությունը» եւ կարծում են, որ նրանց պետք է փոխարինել ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով:
Ստորեւ ներկայացնում ենք ընդունված բանաձեւի ամբողջական տեքստը՝
«Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի հարցով նախորդ բանաձեւերը, հաշվի առնելով Կանոնակարգի 144(5) եւ 132(4) հոդվածները,
- հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակվել է Ադրբեջանի ինքնահռչակ բնապահպանների կողմից, ինչը խաթարել է առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների, այդ թվում՝ պարենի, վառելիքի եւ դեղորայքի հասանելիությունը Լեռնային Ղարաբաղում ապրող 120 000 մարդու համար՝ փաստացի շրջափակելով նրանց;
- hաշվի առնելով, որ շրջափակումը հանգեցրել է լուրջ հումանիտար ճգնաժամի, որն էապես ազդել է բնակչության առավել խոցելի խմբերի վրա, ինչպես նաեւ ծանր հիվանդների տեղափոխումը գործնականում անհնար է, ինչը հանգեցրել է մեկ մարդու մահվան; հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված;
- հաշվի առնելով, որ այս հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում բնական գազի անջատման պատճառով, որի հետեւանքով տները, հիվանդանոցներն ու դպրոցները մնացել են առանց ջեռուցման;
- հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները, որով Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգությունը;
- հաշվի առնելով, որ Լաչինի միջանցքի օգտագործման ճանապարհին խոչընդոտները խաթարում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացը եւ թուլացնում են միջազգային վստահությունը;
Եվրախորհրդարանը
- ափսոսանք է հայտնում Լաչինի միջանցքի շրջափակման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողբերգական հումանիտար հետեւանքների կապակցությամբ;
- կոչ է անում Ադրբեջանին հարգել եւ իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը եւ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը ապահովելու համար ազատ տեղաշարժը եւ հիմնական ապրանքների ու ծառայությունների հասանելիությունը՝ դրանով իսկ երաշխավորելով տարածաշրջանի անվտանգությունն ու բնակիչների ապրուստի միջոցները;
- ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները եւ զերծ մնալ իր սադրիչ հռետորաբանությունից, որով հայերի նկատմամբ խտրականության կոչ է անում եւ դրդում հայերին լքել Լեռնային Ղարաբաղը;
- կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ տրանսպորտային, էներգետիկ եւ կոմունիկացիոն կապերի հետագա գործունեության խափանումից;
- խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների պաշտպանների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին որպես քավության նոխազ օգտագործելու գործելաոճը եւ կոչ է անում ԵՄ-ի ու անդամ պետությունների ներկայացուցչություններին աջակցել նրանց աշխատանքին;
- դատապարտում է ռուս «խաղաղապահների» անգործությունը, գտնում է, որ անհրաժեշտ է շտապ բանակցություններ վարել նրանց ՄԱԿ-ի մանդատով ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով փոխարինելու շուրջ;
- կոչ է անում միջազգային կազմակերպություններին անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու եւ անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար;
- կոչ է անում ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար;
- կոչ է անում անհապաղ վերսկսել առանց նախապայմանների Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա հիմնված բանակցությունները;
- կոչ է անում ԵՄ-ին ակտիվ մասնակցություն ունենալ եւ ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլեւս Բաքվի ակտիվության, Ռուսաստանի ապակառուցողական դերի եւ Մինսկի խմբի անգործության պատանդը չլինեն;
- հանձնարարում է խորհրդարանի նախագահին այս բանաձեւն ուղարկել Խորհրդին եւ Հանձնաժողովին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: