Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի այցելել Ազատ գյուղ, որտեղ այսօր գիշերը տեղի է ունեցել սարսափելի ողբերգությունը՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից այրվածքներ ստանալով, մահացել են 15 զինծառայողներ։
Թվում էր, թե Սուրեն Պապիկյանն առաջինը պետք է գնացած լինի դեպքի վայր։ Սակայն ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը Forrights-ի հարցին պատասխանելով հայտնեց, որ նախարարն այնտեղ չի եղել։
«Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նախարարության բազմաթիվ ներկայացուցիչներ և բարձրաստիճան զինվորականներ այցելել են դեպքի վայր և այս պահին էլ դեպքի վայրում են», — ասաց խոսնակը։
Ինչպես հայգտն ի է, Սուրեն Պապիկյանը այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հրդեհը բռնկվել է, նախնական տվյալներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում, որ հրդեհի պահին մեծ քանակությամբ ավտոբենզին է օգտագործվել։
Դեպքին հետևեց երկրորդ բանակային կորպուսի հրամկազմի բազմաթիվ ներկայացուցիչների պաշտոնանկություն։ Ազատվեցին զբաղեցրած պաշտոնից 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը, շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ Միհրան Մախսուդյանը, հրամանատարի տեղակալ թիկունքի պետ Շիրազ Խաչատրյանը, այլոք, նաև բրիգադի պետեր և հրամանատարներ։
2-րդ բանակային կորպուսը, որը պաշտպանում է Հայաստանի պետական սահմանը Սոդք, Վարդենիս, Կութ, Քարվաճառ ուղղություններով, որոնք վերջին երկու տարիներին հաճախակի են հարձակումների թիրախում։ Այստեղ հակառակորդի դիրքերը գտնվում են 15-20 մետր հեռավորության վրա։ Այսօր այն մնացել է առանց ղեկավարության։ Գոնե ժամանակավոր պաշտոնյաներ նշանակված չեն։
Երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը դեռ 2021 թվականին arminfo կայքին տված հարցազրույցում հայտնել էր, որ այդ ուղղությամբ ինժեներական աշխատանքներ են կատարվում, ընդգծել էր, որ բանակի հրամանատարությունն ինտենսիվ կերպով ձեռնարկում է բոլոր միջոցները ‘ բոլոր նոր դիրքերն անհրաժեշտ կահավորելու համար:
Թե որքան էին կահավորված այդ դիրքերը, երևաց այսօր։ Սակրավորների կացարանը մի գյուղական հյուղակ էր, որտեղ չէին պահպանվում ոչ միայն հակահրդեհային կանոնները, այլև տարրական պայմանները, երբ զինվորները պետք է հնարավորություն ունենան հնարավոր հարձակման ժամանակ հեշտությամբ դուրս գալ կացարանից։
Ազատ վարչական տարածքի հիմնական դպրոցի տնօրեն Ներսիսյանը պատմում է՝ այս դեպքում դա հնարավոր չի եղել։
«Վառարանը տեղադրված է եղել տնակի դռան մոտ և փակել է անցումը դեպի մուտքը։ Այդպես են մարդիկ պատմում։ դա է պատճառը, որ տղաները չեն կարողացել դուրս գալ»։
Սա միակ դեպքը չէ, երբ հակահրդեհային կանոնների խախտման պատճառով հրդեհ է տեղի ունենում զորամասում։ Անցյալ տարի, հուլիսի 22-ին Սիսիանում հրդեհվել էր մարտական դիրքում գտնվող վագոն տնակը, որտեղ զինվորներ էին գիշերում։
Զինծառայողներից մեկը՝ Պալյան Պողոսյանը որը հանգցրել էր կրակը, այրվածքներով դեպքից 5 ժամ անց էր միայն տեղափախվել հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել։ ՊՆ խոսնակն այն ժամանակ հաղորդել էր, որ կրակը բռնկվել է «վագոն-տնակում տեղակայված վառարանի կայծից»։
Բայց դժբախտ պատահարներից եզրակացություններ չեն արվում։ Մարտական դիրքերի, զորամասերի պայմանները մնում են վտանգավոր զինվորների կյանքի ու առողջության համար։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: