Բերձորի միջանցքի շուրջ իրադարձությունները. ըստ երեւույթին. վճռորոշ փուլ են մտնում․ հանգուցալուծումը մոտենում է, բարձրացնելով անմարդկային դաժանության աստիճանը։

Հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ 19 երեխաների Հայաստանից Արցախ տեղափոխող ավտոբուս են ներխուժել օկուպացված Շուշիի տակ 38 օր բողոքի ակցիա անցկացնող ադրբեջանցիներ եւ ահաբեկել երեխաներին։

Հայտարարվել է, որ երեխաների տեղափոխումը իրականացվում է ռուս խաղաղապահների հովանոu ներքո։ Հայտնի չէ, երեխաների ահաբեկումը իրականացվել է ռուսների հետ համաձայնությա՞մբ, թե՞ խաղաղապահների անփութության պատճառով։ Այսպես թե աjնպես, աղաղակող այս դեպքն, ինչպես գազի հերթական անջատումը խոսում են նման իրավիճակների կարգավորման մեխանիզմների՝ թե արտաքին, թե ներքին, բացակայության մասին։ Ըստ այդմ, հասկանալի չէ, թե ինչպես պետք է նման խնդիրները լուծվեն հետագայում։

Բերձորի միջանցքի հարցը Հայաստանի նախաձեռնությամբ քննարկվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդում եւ ԵԱՀԿ Մշտական խորհրդում։ Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը հատնել է, որ ՄԱԿ ԱԽ-ում որոշումը չի հաջողվել ընդունել մի շարք երկրների, «այդ թվում բարեկամական» դիրքորոշման պատճառով։ Խոսքը Ռուսաստանի մասին է։ Ի տարբերություն ԱՄՆ ու Ֆրանսիայի, որոնց ներկայացուցիչները ՄԱԿ-ու եւ ԵԱՀԿ-ու պահանջել են, որ Բաքուն ու Մոսկվան անվերապահ բացեն միջանցքը, Ռուսաստանը պայմանաներ է առաջադրել, կապելով լուծումը հանքերի օգտագործման «պարամետրների ճշտման հետ»։

Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ միջանցքը շուտով կբացվի։ Նա ասել է, որ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներն հանդիպել են ռուսական ռազմական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ։ Նա ասել է, որ Ռուսաստանը առաջարկում է միջանցքը գործի միայն ռուսական վերահսկողության տակ, սակայն ռուսական կողմին բեռներ ստուգելու իրավունք վերապահվի։

Սակայն օրվա վերջում կայացած Անվտանգության խորհրդի նիստում Արցախի նախագահ Արային Հարությունայնը տեղեկացրել է, որ «հունվարի 15-ին ռուսական կողմի միջնորդությամբ կազմակերպվել է հաղորդակցություն ադրբեջանական կողմի հետ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով: Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել: Դրա փոխարեն, հունվարի 17-ին գազամատակարարման խաթարման հետևանքով ստեղծվել են նոր լրջագույն խնդիրներ»:

Փաբլիկներում լուրեր են տարածվել, որ հայկական կողմը համաձայնվել է դադարեցնել Կաշեմի հանքավայրի աշխատանքը։ Ադրբեջանական ցաբցում նույնիսկ գրել են, որ հանքի սարքավորումները մոնտաժվել են։ Դա ներկայացվել է որպես կոմպրոմիսի մաս։

Ըստ վերընշված տեղեկությունների՝ Արցախը պետք է հրաժարվի հանքերի շահագործումից, բեռնափոխադրումները վերահսկվեն ռուսների կողմից, Ադրբեջանն էլ բացի միջանցքը։ Սակայն համաձայնության չի հաջողվել գալ, քանի որ Բաքուն շատ ավելի մեծ պահանջներ է ներկայացրել։

Մինչ այս պահը թե Արցախի, թե Հայաստանի ներկայացուցիչները խոսում էին /այդ թվում՝ միջազգային ատյաններում/ բացառապես հումանիտար ճգնաժամի հրահրման եւ նոյեմբերի 9-ի հայտարարության խախտման մասին։ Դա մեծ հաշվով անհասցե մեղադրանքներ էին, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությանը ոչ ոք աշխարհում որպես օրինական կարգավորում չի ընդունում։  Իսկ հումանիտար ճգնաժամը բարոյական գնահատական եւ կարեկցանք է պահանջում։

Այսօր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդաբյանը քաղաքական գնահատական է հնչեցրել։ «Սա քաղաքական շրջափակում է, պաշարում, սա միայն ճանապարհի արգելափակում չէ: Ադրբեջանի նպատակը Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելն է: Պայքարը գնում է  սուբյեկտայնության համար», ասել է նա:

Պաշարումը՝ ռազմական գործողության ձեւ է։ Նման քաղաքական գնահատականը քաղաքական լուծումներ է պահանջում եւ պատասխանատուների հստակ որոշում։

Արցախի խորհրդարանն այսոր հայտարարություն է ընդունել, որում ասված է․ «Նմանօրինակ քայլերով Ադրբեջանը փորձում է նաև ձախողել տարածաշրջանում պատերազմի օջախների մարմանն ու հակամարտությունների կարգավորմանն ուղղված միջազգային կառույցների և տարբեր երկրների ջանքերը։

2020թ. նեյեմբերի 9-ի հայտարարության կողմեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախը ապաշրջափակելու և հումանիտար աղետը կանխելու համար:

Հորդորում ենք միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին հայտարարություններից և կոչերից զատ գործնական քայլերով կանխել Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները»։

Արցախի ԱԳՆ-ն եւս հայտարարություն է տարածել երկրի գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ.

«Այսպիսով Ադրբեջանը փորձում է վերջնականապես փակել Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների հարցը։ Այս համատեքստում միջազգային հանրության թե՛ անհատական, թե՛ հավաքական քայլերը պետք է ուղղված լինեն վաղ կանխարգելմանը: Կոչ ենք անում պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ համաձայն ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության»։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ թե Արցախի, թե Հայաստանի իշխանությունները շրջափակման առաջին օրվանից փայլուն շանս, իսկ հիմա էլ՝ լրացուցիչ խաղաքարտեր են ստացել հերթական անգամ ապացուցելու, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է դրվի շատ խիստ ու սուր։

Նինա Կարապետյանցի դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմի գործողությունները կարող են օգտագործվել Ադրբեջանի դեմ, առաջ մղել Արցախի կարգավիճակի հարցը, քանի որ սրանք հերթական առհավատչյան են, որ արցախահայությունը չի կարող մեկ օր անգամ ապրել Ադրբեջանի կազմում։

Նաիրա Հայրումյան

 

Pin It on Pinterest