Բաբայանների  անչափահաս երեխաներն այսօր ամբողջ օրը ոչինչ չեն կերել, տանն անգամ հաց չկա։ Ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։

«Այսօր առավոտից բացարձակ բան չեն կերել։ Ուտելիք չկա, խանութներն էլ չեն տալիս։ Պարտքով 20 հազարի սահմանում են տալիս, դա էլ արդեն վերցրել եմ, որ նպաստին տամ։ Այս պահին բացարձակ բան չեն կերել, հաց էլ չունենք»,-ասաց երեխաների մայրը՝ Ոսկի Բաբայանը։

Ընտանիքը բազմանդամ է՝ բաղկացած 12 հոգուց, որից 8-ը մանկահասակ երեխաներ են։ Երեխաները 2, 4, 5, 8, 10, 12, 19 տարեկան են, ամենափոքրը 3 ամսական է, Բաբայանների ավագ դուստրն էլ ամուսնացած է։ Տանն անգամ ամենափոքրի համար սննդամթերք չկա։ «Էրեխեն կաթի փոշի է ուտում, բայց ձեռքս փող չկա, որ վերցնեմ։ Հազիվ ծերը-ծերին հասցնում ենք, մի կերպ յոլա ենք տալիս»,-ասաց մայրը՝ նշելով, որ նորածինը ևս առողջական խնդիրներ ունի։ «Սրտին անցք կա 6 միլիմետրանոց, պետք է տանենք, որ նայեն»։

Սոցիալական խնդիրների պատճառով Բաբայանների երեխաները զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, քանի որ ընտանիքը չի կարողանում վճարել վարձ, իսկ մյուս երեխաները դպրոց են գնում հարևան-բարեկամների տված հագուստ-կոշիկով։

Ընտանիքի եկամտի միակ միջոցն անապահովության նպաստն է, որը սննդի համար էլ բավարար չի լինում։ Ընտանիքի հայրը հիմնական աշխատանք չունի, առողջական խնդիրների պատճառով դուրս է եկել։ «Աշխատանքի վայրում վատացել է, մի քանի անգամ տուն են ուղարկել, դրանից հետո էլ չի կարողանում աշխատի։ Էրեխեն էլ գերության մեջ էր, եկել է չի կարողանում աշխատի»։

Բաբայանների ավագ որդին գերեվարվել էր 2021 թվականի նոյեմբերին Սյունիքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ, հայրենիք էր վերադարձել 2022 թվականի փետրվարին՝ առողջական մի շարք խնդիրներով։ Հայաստան վերադառնալուց հետո նա կրկին զորակոչվել էր բանակ, որտեղ առողջական խնդիրներն ավելի է սրվել։ Նա ծառայությունից վաղաժամ զորացրվեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ի ահազանգերից հետո։

Նա այժմ հոր հետ ապակյա շշեր և այլ առարկաներ է հավաքում և վաճառում։

Բաբայանները նաև տուն չեն ունեցել։ Վերջերս բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում տուն են գնել, գումարի մի մասն էլ պետք է վճարեն առաջիկա 20 տարիների ընտացքում։ Մինչ այս 11 հոգով ապրել են հանրակացարանի մեկ սենյակում։ Այս նոր տունն էլ վերանորգման և կահավորման կարիք ունի։ Միայն չորս պատն է ու տանիքը, նույնիսկ հատակ չկա։

Բաբայանները բարերարների և սրտացավ մարդկանց օգնության կարիքն ունեն։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները տեսանյութում`

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest