Ըստ Արդարադատության  նախարարության տվյալների, 2019-2021 թվականներին տարում մահացությունը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կրճատվել է։  Սակայն անցյալ տարի ՔԿՀ-ներում կրկին մահվան դեպքերի ավելացում է արձանագրվել։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը դեկտեմբերի վերջին գրավոր հարցում էր ուղարկել Արդարադատության նախարարություն, փորձելով պարզել դատապարտյալների մահացության վերջին տարիների վիճակագրական պատկերը։

Ի պատասխան ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչությունից հայտնեցին, որ 2019 թվականի ընթացքում մահացել է 12 դատապարտյալ, որոնցից 10-ը՝ քաղաքացիական բժշկական հաստատություններում, իսկ 2-ը՝ քրեակատարաողական հիմնարկներում: 2020 թվականին մահացել է 7 դատապարտյալ, որոնցից 6-ը՝ քաղաքացիական բժշկական հաստատություններում, իսկ 1-ը՝ քրեակատարաողական հիմնարկում:

2021 թվականին մահացել է 6 դատապարտյալ քաղաքացիական բժշկական հաստատություններում:

2022 թվականի պատկերը հուսադրող չի։ Ըստ նախարարության տվյալների, անցյալ տարի 8 դատապարտյալ է մահացել, որոնցից ընդամենը երեքը՝ քաղ հաստատություններում, մնացած 5 հոգին՝ հիմնարկներում։ ՔԿԾ-ն նշում է, որ մահացածներից 3-ը բնական մահով են «գնացել», սակայն  սա ավելի շատ նման է դեմքը փրկելու փորձի։

Մենք խնդրել էինք նաև տեղեկացնել, թե քանի քրեական գործ է ընթացքի մեջ և կան արդյոք ավարտված վարույթներ։ Սակայն նախարարությունը հրաժարվեց տվյալներ տրամադրել,  պատճառաբանելով, որ չեն տիրապետում նշված տեղեկատվությանը։

Սա առնվազն նշանակում է, որ պատկան մարմինները  չեն փորձել վերլուծել դատապարտյալների մահերի ավելացման պատճառները, հետևություններ չեն արել։

Դիտարկելով անցյալ տարի տեղի ունեցած դատապարտյալների մահվան դեպքերը, նկատում ենք, որ դրանք մնում են անհասկանալի ու չբացատրված, հանրության համար չպարզաբանված։

Վերջինը թերևս 46 տարեկան Արման Խ-ի մահն էր 2022 թվականի դեկտեմբերի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Քրակատարողական ծառայությունը դատապարտյալի մահվան վերաբերյալ հայտնել էր, որ նրան  առողջական վիճակի վատթարացման պատճառով տարել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա կրկին տեղափոխել են ազատազրկման վայր, որտեղ էլ նա մահացել է։ Փաստորեն, քաղաքացիական հիվանդանոցը մահամերձ մարդուն չի բուժել, հետ է ուղարկել բերդ։

Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ից մեզ հայտնել էին, որ դատապարտյալը տառապել է թմրամոլությամբ, ներգրավված է եղել մեթադոնային ծրագրում, որ նա հրաժարվել է «Դատապարտյալների հիվանդանոցում» մնալուց և ցանկացել է վերադառնալ բերդ, սակայն սա չի կարող արդարացում լինել։ Փաստ է, որ Արման Խ-ի կյանքը հնարավոր էր փրկել, եթե գոնե մի քանի օր նրան պահեին հիվանդանոցում։

Ավելի անհասկանալի դեպք տեղի ունեցավ 2023 թվականի հոկտեմբերի 13-ին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Մոտ 50 տարեկան կալանավոր Ա․ Յ-ի ինքնազգացողությունը  կտրուկ վատացել էր։ Ինչպես ՔԿԾ-ից մեզ հաղորդեցին,  նրան տեղում ցուցաբերվել էր առաջին բուժօգնությունը, կանչվել էին շտապօգնություն, սակայն ոչինչ անել չէր հաջողվել, և մեկ ժամ անց կալանավորը մահացել էր։

Պաշտոնական հաղորդագրությունից կարող է թվալ, թե Ա․ Յ-ի մահվան պատճառը  է առողջական խնդիրն է, բայց ըստ կալանավայրի մեր աղբյուրների, դատապարտյալին սպանել են ծեծելով՝ մի երևույթ, որը երկար տարիներ արդեն վերացել էր մեր ՔԿՀ –ներից։

ՔԿՀ-ներում կատարվող այս մութ հանցագործությունները որպես կանոն մնում են  չբացահայտված, իսկ հանրությանը  լավագույն դեպքում կցկտուր, գրեթե ոչինչ չասող տեղեկություններ են հասնում, հաճախ ոչ պաշտոնական աղբյուրներից։

Հիշեցնենք, օրինակ, 2020 թվականին  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած դանակահարության դեպքը, երբ Ալավերդու հեղինակավոր անձանցից մեկին՝ Վահագն Աբգարյանին ծեծի ենթարկեցին և  դանակահարեցին խցակիցները։

Հիմնավոր  կասկածներ կային, որ բերդի պետը տեղյակ է եղել այս մասին և չի  կանխել հանցագործությունը, քանի որ ծեծից ու դանակահարությունից կարճ ժամանակ առաջ Աբգարյանին տեղափոխել էին այլ խուց։ Դեպքի մասին պաշտոնապես հայտնեցին կան հաղորդագրություն տարածվեց միայն Forrights.am-ի հրապարակումից հետո։ Դեպքը չբացահայտվեց, ձևականորեն հարուցված քրեական գործն էլ կարճ ժամանակ անց կարճվեց։

Անցյալ տարվա զարհուրելի առեղծվածներից էր Սարի թաղի  50 –ամյա բնակիչ Արմեն Մնացականյանի մահը, 60 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո։

Նա մահացավ հունիսի 28-ին, «Արմենիա»  բժշկական կենտրոնում։ Արմենի հացադուլի մասին հանրությունն իմացավ միայն նրա մահից հետո: Այդ կերպ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը որոշել էր պայքարել դատավճռի դեմ՝ երեք տարվա ազատազրկում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար /Հին Քր.օր, 112 հո/:

2020 թվականի Նոր տարվա գիշերը նրա վրա հարբած մարդ էր հարձակվել, որին նա ծեծի էր ենթարկել ու վնասվածքներ հասցրել։ Որպես մահվան պատճառ բժիշկները նշել են երկկողմանի թոքաբորբը, և ոչ մի խոսք հացադուլի մասին։ Արմեն Մնացականյանի  կինը  պատմել էր, որ հացադուլավորին պետական ատյաններն ու բժիշկները կատարյալ անտերության են մատնել, անգամ հացադուլից դուրս գալուց հետո նրան չեն ցանկացել օգնել։ Մինչև վերջին պահը կնոջն ասել էր, որ ամուսնու վիճակը շատ լավ է։

Սյուզան Սիմոնյան

 

 

Pin It on Pinterest