Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120.000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա: Այս մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարությունում:
Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել պետություններին, որոնք գործում են և՛ անհատապես, և՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անհապաղ կանխարգելելու ցեղասպան գործողությունները, որոնք Ադրբեջանը համակարգված կերպով իրականացնում է Արցախի ժողովրդի դեմ՝ բացարձակ անպատժելիության մթնոլորտում։
Արցախի շրջափակման մեկ ամսյա շրջափակման առիթով Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, կառավարության և խորհրդարանի անդամներ տեղական, հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին են ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ծանր իրավիճակը և ահագնացող ռիսկերը։ Տեսակամրջի մասնակիցները կոչ են արել ողջ հայությանը և քաղաքակիրթ աշխարհին օգտագործել առկա ողջ գործիքակազմը իրավիճակի հանգուցալուծման համար:
Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակված են օրվա վիճակագրական տվյալները.
11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
8 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 123 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 390 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Տնտեսվարող սուբյեկտների 16,4%-ը շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իրենց գործունեությունը։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 12.800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Շրջափակման պատճառով Արցախի 120.000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30.000 երեխա, 20.000 տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով փակվել են 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: