ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է, որ ադրբեջանական սադրանքի՝ Լաչինի միջանցքը փակելու պայմաններում ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, իրադրությունների գնահատականները լինեն փաստահենք, կարևորում է նաև խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության հունվարի 12-ի նիստում՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին:
Վարչապետը նախ ընդգծեց, որ Ադրբեջանից կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը շարունակվում է արդեն 32 օր: Խափանվել է նաև ԼՂ-ին Հայաստանից էլեկտրական էներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը: Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և մինչև այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռվել ոչ ԼՂ համապատասխան ծառայություններին, ոչ խաղաղապահներին, ոչ էլ որևէ տեղեկություն կա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կամ ընթացքի վերաբերյալ: ԼՂ-ին էլեկտրական էներգիայի մատակարարման խափանումը նոր խնդիրներ է ստեղծել: Սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ էլեկտրական հոսանքի տեղական հզորությունները չեն բավարարում: Մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում՝ չափանիշներին համապատասխանող սննդի բացակայության պատճառով: Փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը ԼՂ-ում:
«Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը սեփական հայրենիքում ապրելու, ԼՂ հայության կամքը կոտրելու նպատակ ունի: Բայց հավատում եմ, որ այդ կամքն անկոտրում է»,-ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ մյուս կողմից էլ պետք է նաև որոշակի պատկերացում ունենալ, թե ինչպես պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը: «Այս հարցում էլ իմ ընկալմամբ ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Ինչ է սա նշանակում. առաջին հերթին՝ վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների, իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք: Այս առումով առաջին հերթին պետք է խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս»:
Նա հավելեց՝ հետո Ադրբեջանի և ԼՂ-ի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն: «Եվ ԼՂ մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ»,-եզրափակեց ՀՀ վարչապետը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: