Երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈւ հետախուզության նախկին պետ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական վարույթ սկսելու և նրան կալանավորելու վերաբերյալ հարցերը դեռ օդում կախված են: Հարությունյանի փաստաբան Սիմոն Հարությունյանը բողոքարկել է իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը, սակայն Վերաքննիչ քրեական դատարանից առայժմ պատասխան չկա:

«Վերաքննիչ դատարան բողոքարկել ենք Արայիկ Հարությունյանին կալանավորելու որոշումը, բայց դեռևս որոշում չունենք», -Forrights.am-ին ասում է փաստաբանը:

Նա հրաժարվում է ասել՝ ինչ դիրքորոշում ունի գեներալ-մայորը իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: «Եկեք զերծ մնամ դիրքորոշումների վերաբերյալ տեղեկություն հայտնելուց, դեռևս նախաքննություն է ընթանում: Ամեն դեպքում մեղադրանքը նոր է առաջադրվել և որոշ ժամանակ անց գուցե խոսենք այդ մասին ավելի մանրամասն», -ասում է փաստաբան Սիմոն Հարությունյանը՛

Եվ մինչ պաշտպանը կորոշի խոսել, գլխավոր դատախազությունը թարմացրել է 2021 թվականի մայիսին կատարվածը և տեղեկացրել, որ Արայիկ Հարությունյանն իր մարտական պարտավորությունները չի կատարել: Ըստ պաշտոնական վարկածի, Արայիկ Հարությունյանը «ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթականերին առաջադրանքներ տալու և դրանց կատարումը վերահսկելու, պետական սահմանի, շփման գծի խախտումները կանխելու, ինչպես նաև՝ հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու և կասեցնելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին, տեղեկանալով, որ իր կողմից դեռևս 2021 թվականի ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որևէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Արդյունքում, ՀՀ զինված ուժերը զրկվել են Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու հնարավորությունից՝ առաջացնելով ծանր հետևանք. 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ զորամասի հրամանատարի անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն,  անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ»։

Արայիկ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հինք քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ»:

Արայիկ Հարությունյանը, հիշեցնենք, այն բարձրաստիճան զինվորականն էր, որը 2021 թվականի մայիսին Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման օրերին ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և զեկուցել Կութ գյուղում ստեղծված օպերատիվ իրադրությունը:

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը համոզված է՝ Արայիկ Հարությունյանը քավության նոխազ է: «Բայց ամենակարևորը՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ մեկ տարի անց հարուցվեց քրեական վարույթ: Հիշեցնեմ՝ Արայիկ Հարությունյանը այն սպան է, որը Փաշինյանին ասում է՝ հակառակորդին շրջափակել ենք, կարծես դրանով ոչնչացնելու հրաման է ակնկալում, բայց Փաշինյանը պտտվում է, ասում է՝ ոչ մի դեպքում: (տեսանյութ

Նկատենք՝ Ադրբեջանի զիված ուժերը մայիսյան հարձակման հետևանքով առանց որևէ կրակոցի գրավեցին Հայաստանի սուվերեն տարածքից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում գտնվող մի շարք ռազմավարական բարձունքներ: Նրանք հայկական տարածք մտել էին զենքի սպառնալիքով, ֆիզիկական ուժով և հայհոյանքներով իրենց վատ կահավորված մարտական հենակետերից հեռացնելով հայ դիրքապահներին: Միայն Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում 2021-ի մայիսին թշնամին օկուպացրել էր Հայաստանի ինքնիշխան տարածքի առնվազն 32 քառ. կմ տարածք:

«Ո՞նց է հնարավոր՝ հակառակորդը զինված գա քեզ վրա, դու ձեռնամարտի մեջ մտնես նրա հետ ու զիջես դիրքերդ: Այդ ժամանակ ձեռնամարտ է եղել, հայհոյախառն խոսակցություններ և ոչ մի դիմադրություն:

Ես ենթադրում եմ՝ նահանջի հրաման  է տրվել, հակառակ դեպքում կլիներ այսպես՝ հակառակորդի առաջխաղացման մասին դիրքի ավագը վերադասին զեկուցում է ու կրակի հրամանն է տալիս: Այս կանոնը բոլորը գիտեն, բոլոր զինծառայողները: Իսկ նահանջի կամ չկրակելու հրամանը ապօրինի է, քրեորեն պատժելի արարք», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Նահապետյանը:

Այն, որ Արայիկ Հարությունյանի հրամանատարությամբ գտնվող տարածքում արդբեջանական զինված ուժերը զգալի տարածքներ են գրավել, ըստ Նահապետյանի, չի կարող միայն նրա մեղավորությունը կամ թերացումը լինել:
«Բանակային կորպուսի պետը չի որոշում՝ կրակե՞լ, ուժով դիմադրե՞լ, թե ոչ: Որոշումը կայացնում են Պաշտպանության նախարարը կամ Գլխավոր շտաբի պետը: Բայց մյուս կողմից՝ վերջիններն էլ կարևորագույն դիրքեր հանձնելու կամ չկրակելու նախաձեռնություն չեն կարող հանդես բերել: Ես կարծում եմ՝ դա քաղաքական որոշման հետևանք էր, որ հետո թիրախավորեն զինվորականներին», -ընդգծում է փորձագետը:

Բացի այդ, ըստ Նահապետյանի, այդ օրերի հարձակումը ցույց տվեց, որ բանակում «բարոյահոգեբանական վիճակը կամ մարտական ոգին զրո է»: «Ցանկացած պարագայում, բանակում առավել ևս մարտական ոգու վրա ազդում է պարտությունը, անձնակազմում կորուստները, որից զինվորները հոգեկան սթրես են ապրում: 2020-ի պատերազմը շատ է ազդել հայկական զինված ուժերի վրա», -նշում է նա:

Նահապետյանը մատնանշում է Իսրայելի օրինակը, որի պաշտպանական բանակում գործում է հոգեբանական վերականգնման ինստիտուտ, որն ունի հոգեբանների հսկայական բանակ: Այնտեղ ցանկացած ռազմական գործողությունից հետո մինչև օպերատիվ վիճակի մասին զեկուցելը, հոգեբաններն աշխատում են զինվորականների հետ, փորձում վերականգնողական միջոցառումներ իրականացնել:

«Իսրայելում այս ինստիտուտի ներդրման հետևանքով կտրուկ անկում ապրեց հետմարտական գործողությունների սինդրոմը, որովհետև հոգեբաններն աշխատում էին զինվորականների հետ, վերականգնում նրանց հոգեբանական վիճակը: Պատկերացրեք՝ երիտասարդ երեխան անդամահատված մարմին է տեսնում, ընկերոջն է տեսնում զոհված ի՞նչ ապրումներ կունենա: Այդպես նրանց հետ սկսեցին աշխատել հոգեբանները ու գրանցեցին շոշափելի արդյունքներ», նշում է Հայկ Նահապետյանը:

Հասմիկ Համբարձումյան

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest