Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ասուլիս է հրավիրել ։

Հայաստանի կառավարության գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում, ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի հայության սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի, և սա է խնդրի ամենակարևոր կոնտեքստը, և մենք պետք է սա հաշվի առնենք», — հավելեց նա։

Մեկնաբանելով լուրերը, թե ՀՀ-ն Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել, վարչապետն արձագանքեց. «Ես չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսենք, այն, ինչ մենք ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է։ Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին»։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, չարձագանքեց ՀԱՊԿ-ի ու դաշինքից դուրս գալու հնարավորության վերաբերյալ հարցին։

Նա հիշեցրեց 202թ. նոյեմբերյան եռակողմ հայտարարության 6-րդ կետը՝ նշելով, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանի և Ռուսաստանի վրա։

«6-րդ կետում, որը վերաբերում է Լաչինի միջանցքին, ՀՀ վերաբերյալ որևէ ձևակերպում չկա, և մենք կարծում ենք, որ այս առումով էլ մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ, և մենք մեր գործողություններում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող», — շեշտեց Հայաստանի ղեկավարը։

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը, և դա հստակ ձևակերպված է եռակողմ հայտարարության մեջ։ Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա», — նշեց վարչապետ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ողջունում է օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի քայլը. «Կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցություններում։ Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար»։

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում նաև երրորդ երկրի քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար կբացվի սահմանը։

14 տարի անց հանդիպելու են Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականները Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես սա կարող է անդրադառնալ երկու հարևան երկրների հարաբերությունների վրա։

«Ինչ վերաբերում է ֆուտբոլային խաղերին, դա կախված է ընդհանուր իրավիճակից և երկու կողմերի քաղաքական կամքից։ Մենք կարծում ենք, որ կարելի է օգտագործել հարաբերությունների կարգավորման այն դրական հնարավորությունները, որոնք կստեղծվեն», — հավելեց նա։

Հայաստանի վարչապետը խոսեց նաև ապաշրջափակման մասին՝ շեշտելով, որ մնում են այս հարցում շահագրգռված։

«Միակ բանը, որ այս ամենին խանգարում է, Ադրբեջանի շարունակական խոսույթն է ինչ-որ միջանցքների մասին։ Մենք պատրաստ ենք իրագործել հայկական խաչմերուկի մեր տեսլականը, նաև հասկանում ենք՝ ձեզ հայտնի հանգամանքների բերումով միջազգային բեռնափոխադրումների, լոգիստիկ շղթաների և ուղիների գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, և այս փոփոխությունները կարելի է օգտագործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության և ոչ հակառակը», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում: Եվ այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայն դեպս, այս տարի չեն կայանա», — հայտնեց վարչապետը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորավարժություններին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest