Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված Շիրազ Խաչատրյանի դին շարունակում է մնալ Կուտականի լեռների չեզոք գոտում, իսկ պետական մարմինները շարունակում են անտեսել Խաչատրյանների խնդրանքները:

Forrights.am-ը նախորդ տարեվերջին այցելել էր Գեղարքունիքի մարզ Փոքր Մասրիկ գյուղում ապրող Խաչատրյանների ընտանիքին, լսել նրանց խնդիրների մասին և բարձրաձայնել դրանք. այս պահին նրանց միակ ցանկությունը որդու մարմնի մասերն ստանալն է, նրան արժանապատիվ հուղարկավորելը:

Այսօր հարազատները, իմանալով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսն է տեղի ունենալու,  Forrights.am-ին խնդրել էին բարձրաձայնել իրենց որդու մասունքների հետ կապված հարցը և հետաքրքրվել՝ արդյոք պատկան մարմինները զբաղվում են այդ հարցով:

Մեր խնդրանքով հարցը ասուլիսում բարձրաձայնել է «Ա1+»-ի լրագրողը և արդյունքում պարզվել է, որ վարչապետը տեղյակ չէ՝ ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողի դին չեզոք գոտում է, և այժմ ընտանիքը կանգնել է իրենց որդուն որպես անհետ կորած ճանաչելու պարտադրանքի առաջ:

Մասնավորապես, ի պատասխան լրագրողի Փաշինյանը ասել է. «Նախ շատ ցավում եմ այդ իրավիճակի համար, բայց որոնողական աշխատանքներ արվում են ոչ անընդհատ, բայց պարբերաբար ադրբեջանական կողմի հետ համաձայնությամբ: Վերջին անգամ Գեղարքունիքի մարզում մեկ շաբաթ առաջ են որոնողական աշխատանքներ եղել: Ամեն դեպքում հարցը հնչեց, ես ավելի կկոնկրետացնեմ, մեր մարմինները կկապվեն, տեսնեն՝ ինչ է արվում: Այդպիսի դեպքեր էլի են եղել, որ մենք էլ ենք հստակ տեղեկություն ունեցել, բայց չի հաջողվել հենց այդ վայրում հայտնաբերել, նույնիսկ չեզոք գոտում, նույնիսկ մեր վերահսկողությունից դուրս գտնվող գոտում»:
Վարչապետը նաև հստակեցրել է զոհված զինծառայողի անունը, գրել առանձին:

Բանն այն է, որ Շիրազ Խաչատրյանը, որպես պայմանագրային զինծառայող, ծառայել է հենց Կուտականի դիրքերում: Ադրբեջանական հարձակումից հետո այդ դիրքերը անցել են թշնամու վերահսկողության ներքո, և ընտանիքի անդամները տեսահսկող սարքերով հետևել են ու տեսել՝ ինչպես է որդու դին ոսկրանում:

Մանրամասները՝ այստեղ

Հասմիկ Համբարձումյան

 

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest