Շրջափակված Արցախում բնակվող Ոսկանյաների տան պատուհանն ուղիղ նայում է օկուպացված Շուշիին։ Ամանորի գիշերը տեսել ու լսել են թշնամու կողմից կազմակերպված հրավառության ձայները։ Ընտանիքի անչափահաս երեխաները թշնամու հրավառության ձայները խլացնելու համար բարձրացրել են հեռուսացույցով այդ պահին հեռարձակով Հայաստանի օրհներգի ձայնը։ «Էրեխեքը ձայնը մինչև վերջ բարձրացրեցին, որ սայլուտների ձայնը չլսեն, բայց նայում էին, բայց գոնե ձայնը չէին լսում»,-ասաց ընտանիքի մայրը՝ Լիանա Ոսկանյանը։
Լիանա 38 տարեկան է, 5 երեխաների մայր է։ Երեք տղա ու երկու աղջիկ ունի, սպասում է 4-րդ տղայի լույս աշխարհ գալուն։ Լիանան հղիության 8-րդ ամսում է գտնվում, եթե թշնամին մեկ ամիս էլ Լաչինի միջանցքը փակ պահի, ապա որդին կծնվի շրջափակված Արցախում։
Արդեն մեկ ամիս է՝ բազմազավակ մայրը միայնակ հոգում է անչափահաս երեխաների հոգսը։ Ոսկանյաների ընտանիքը միմյանցից հարկադրաբար բաժանվածների թվում է։ Ամուսինը մնացել է Հայաստանում։
«Սննդի խանութները լրիվ դադարկ են, ցանկացած պահի չես կարող գնալ խանութ և քո ուզած ուտելիքը վերցնես։ Բլոկադայի առաջին շաբաթում խանութների սնունդը սպառվել է»,-ասում է Լիանան ու թվարկում՝ չկան անգամ աղ ու շաքարավազ։ Արցախի կառավարությունը սննդի պահեստից որոշակի ապրանքներ տրամադրում է, բայց ոչ բոլորին է բավարարում։ «Կիլո-կիլո, հերթով վերցնում ենք»,-ասում է 5 երեխաների մայրը։ «Այնպես չէ, որ ուտելիք չկա»,-ասում է Լիանան, բայց երեխաները զրկվել են միրգ ու բանջարեղեն ուտելու հանարավորությունից։
«Դժվար է՝ փոքր երեխաներին բացատրելը, որ խնձոր չկա, բանան չկա, միշտ կերել են։ Հարցնում են՝ բա խնձոր չկա՞, գոնե երկո՞ւ հատ էլ չկա, խանութում։ Շատ եմ նեղվում, որ չկա ու չեմ կարողանում վիտամիններով ապահովել երեխաներին։ Միրգ, բանաջարեղեն, երշիկ, ներբերշիկ բացարձակ չկա, նույնիկս աղ չկա, սուրճ չկա։ Հիմա արդեն լվացքի փոշին է սպառվել ու մնացած մաքրող միջոցները»։
Արցախում մակարոն, ձու, պանիր ու էլի առաջնային սննդի հերթեր են։ Լիանայի 14-ամյա որդին մի քանի ժամ ձվի հերթ է կանգնել, դադարկաձեռն վերադարձել տուն։
«Լինում է, որ հերթ ենք կանգնում, բայց չենք կարողանում վերցնել, մինչև հերթը մեզ է հասնում՝ վերջացած է լինում։ Էրեխեն գնացել կանգնել-կանգնել, չէր հասցրել վերցնի։ Մի քանի ժամ հետո, լրիվ սառած, մրսած, հետ էր եկել։ Ասաց՝ չջղայնանաս, բայց չեմ հասցրել վերցնել ձուն»,-ասում է Լիանան ու շեշտում՝ հացի խնդիր Արցախում չկա։
Լիանայի համար սոցալական խնդիրները շատացել են ոչ միայն սննդի դեֆիցիտ, այլ նաև այն պատճառով, որ ամուսինն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում։ Նա ընտանիքին կերակրող միակ ձեռքն էր՝ բեռներ է փոխադրել Արցախից Հայաստան ու Ռուսաստան։ Հիմա Երևանում է, ընկերոջ տանն է ապրում, չի աշխատում։ «Առանց աշխատող ձեռքի եմ մնացել։ Ամուսինս էր աշխատում՝ ընտանիքի կարիքները հոգում։ Սա էլ դժվարության մի կողմն է»,-ասում է ընտանիքի մայրը։
Ստեղծված խնդիրների ֆոնին բազմազավակ մայրը կոտրված չէ։ Հպարտ է՝ 5 երեխաների մայր է, շուտով 6-րդն է ծնվելու։ Դժվարություններին, ասում է՝ կդիմանանք, միայն պատերազմ ու մարդկային և տարածքային կորուստներ չլինեն։
«Արցախում չկա մեկը, որ իրեն կոտրված, ընկճված կամ վատ զգա, բոլոր արցախցիները տրամադրված են մարտական։ Մեր մոտ խուճապի փոխարեն մարտական տրամադրություն է, բոլորը պատրաստ են պայքարել, միայն պատերազմ, զոհ չլինեն, մեկ էլ անիմաստ զիջումների չգնան»,-ասում է նա։
Այսօր արդեն 30-րդ օրն է՝ ինչ, այսպես կոչված, «բնապահպանները» փակել են Արցախի համար կենսական նշանակությունու ունեցող Լաչինի միջանցքը։ Այնև Հայաստանի ու աշխարհի հետ Արցախին կապող միակ ցամաքային ավտոճանապարհն է։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։