Սիսիան խոշորացված համայնքը դիմելու է դատարան ընդդեմ Նորավան համայնքի նախկին ղեկավար Լավրենտ Առաքելյանի, պահանջելով վերականգնել համայնքին հասցված 5 մլն 132 հազար դրամի վնասը։

Լավրենտ Առաքելյանը, ինչպես հայտնի է, անցնում էր հանրային հնչեղություն ունեցող գործով, որի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավված նաև Սյունիքի նախկին  մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան։

Առաքելյանը մեղադրվում էր համայնքային միջոցները վատնելու համար /նախկին Քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ վատնում առանձնապես խոշոր չափերով/։ Ըստ ՀՔԾ քննիչների, Սուրիկ Խաչատրյանի դրդմամբ, որը 2011-2012թթ Սյունիքի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում, նա 5 մլն 132 հազար դրամի համայնքային սեփականություն  հանդիսացող խողովակներ է նվիրել Խաչատրյանի եղբորը։

Իսկ Սուրիկ Խաչատրյանը, ըստ ՀՔԾ քննիչների, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և պաշտոնեական դիրքն օգտագործելով կարգադրել էր գյուղապետին կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

2019 թվականի դեկտեմբերի 26-ին քրեական գործը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից ըստ ընդդատության ուղարկվել էր Հակակոռուպցիոն դատարան։ Վերջինս էլ 2022 թվականի նոյեմբերի վերջին դադարեցրեց նախկին գյուղապետի նկատմամբ քրեական հետապնդումը՝  վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացման հիմքով։ Համապատասխան միջնորդություն էր ներկայացրել Առաքելյանի պաշտպանը։

Փաստորեն, Լավրենտ Առաքելյանը ազատվեց պատասխանատվութունից

Թվում է, թե վաղեմության հիմքով գործի կարճումը վարույթի ավարտ է, և բոլորը կարող են գոհ լինել։ Իրականում այդ որոշումը շատ լուրջ իրավական ու ֆինանսական հետևանքներ ունի։ Գլխավոր հարցն է՝ ինչպե՞ս է վերականգնվելու պետությանը հասցված վնասը, որը մինչ օրս չի փոխհատուցվել։

Վնասի վերականգնումը տեղի է ունենում դատական կարգով։ Համայնքը պետք է դատարան հայց ներկայացնի, որ ոչ արդարացնող հիմքով դատավճիռ է կայացվել, այսինքն հիմնավորվել է հանցանքով վնաս պատճառվելու հանգամանքը, և դատարանը ելնելով դրանից վճիռ է կայացնում։

Գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 23-ին միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզպետին և Սիսիանի համայնքապետին միջոցներ ձեռնարկել համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։

2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Սյունիքի մարզպետի գրությունը, որով հայտնվել է, որ Սյունիքի մարզպետարանը հետևում է Սյունիքի մարզի նախկին Նորավան համայնքին պատճառված վնասի վերականգնման ընթացքին:

«Քանի որ Նորավան համայնքը արդեն չկա, իսկ Սիսիան խոշորացված համայնքը հանդիսանում է դրա իրավահաջորդը՝ մարզպետարանի դերն այստեղ հետևելն է՝ վերահսկել, որ վնասը փոխհատուցվի։ Գրությունն ուղարկվել է համայնքին, ու քանի որ ժամանակ է անցել, ու վնասը չի վերականգնվել, համայնքը պետք է գործողություններ իրականացնի, որ վնասը վերականգնվի», — պատասխանեց մեզ Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղարը։

Այժմ հերթը համայնքինն է՝ դատական կարգով հետ վերցնել Լիսկայի եղբորը նվեր տված համայնքային գույքի արժեքը։

Հիշեցնենք նաև, որ հեղափոխությունից հետո Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մի քանի քրեական գործեր են հարուցվել։ Նա մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու, լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու համար։ Ներկայում հետախուզման մեջ է։

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest