Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր. Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը միջանցքն ապաշրջափակելու կոչերի լայն արձագանք է հարուցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չնայած սրան՝ Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ։ Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրաունակության վերաբերյալ»,- ասաց վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է։
«Էական է նաև արձանագրել, որ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց իմ համոզմամբ ամենախորը և իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում և միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը։ Այս իմաստով մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում, և Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,- եզրափակեց վարչապետը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: