Պեմզաշենում սպանդի ենթարկված ընտանիքի հոր` Սևակ Մելիքսեթյանի շահերի պաշտպան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ սպանությունների գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը մեղսունակ է ճանաչվել, այսինքն՝ անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը ու մասնակցելու է քննչական և դատաքննչական գործողություններին։
«Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է ՄԵՂՍՈՒՆԱԿ։ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը) Ավելին, ըստ փորձագետի եզրակացության Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին»,- գրել է Գալիկյանը։
Հիշեցնենք՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին։
Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության՝ Պեմզաշենի բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատում հաղորդում է ստացվել նոյեմբերի 9-ին` ժամը 12:28-ին: Մեկնած օպերատիվ խումբը Պեմզաշենի N տան ննջասենյակում հայտնաբերել է նույն հասցեի բնակիչներ՝ 31-ամյա Զ.Մ-ի և նրա երեխաների՝ 12-ամյա Կ.Մ-ի և 8-ամյա Ս.Մ-ի դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով: Նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ: «Դեպքի վայրի զննությամբ նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում», – մանրամասնում է Դատախազությունը:
Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) և 155 հոդված 2-րդ մասի 5-րդ (Անչափահասի սպանությունը) կետերով։ Հոդվածը նախատեսում է 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: