Վիգեն Ավագյանի չորս մանկահասակ երեխաների աչքը դիրքերի ճանպարհին է, ուր հայրը մեկնել էր հայրենիքը պաշտպանելու։ Տան բակից և դիրքերն են երևում, և դիրքերի ճանապարհը, սակայն, արդեն երեք ամիս է՝ հայրը չի վերադառնում։ Նա անմահացել է սեպտեմբերի 13-ի մարտերի ժամանակ։
«Ինքը հերոս է, բայց մեզ պետք չէր իր հերոսությունը․․․ Այսօր փոքր երեխաս ասում է՝ կլինի Ձմեռ պապիկին նամակ գրենք, որ իմ պապային բերի։ Ամեն օր լացում է, ասում է՝ չեմ ուզում այս տանն ապրել, որ իմ պապան ստեղ չի, ես էլ եմ գնալու։ Արդեն երկու անգամ փախել է տնից։ Էրեխեքն անընդհատ հարցնում են՝ Արման քեռին եկել է պոստերից, իսկ պապան ինչի՞ չկա»,-ասում է Վիգեն Ավագյանի կինը՝ Լիանան։
Վիգենն ու Լիանան երեք աղջիկ ու մեկ տղա ունեն։ Ընտանիքն ապրում է սահմանամերձ Փոքր Մասրիկ գյուղում։ Տանը լսել է դիրքերում տեղի ունեցող ցանկացած փոխհրաձգություն։ Սեպտեմբերի 13-ին սկսված պատերազմի և Վիգենի վտանգի մեջ լինելու մասին ընտանիքը միանգամից է իմացել, ասում են՝ «դուրս եկանք, սարերից կրակ էր թափվում»։
Ադրբեջանական կողմը ռազմական հարձակումը սկսել է սեպտեմբերի 12-ի լույս
13-ի գիշերը։ Լիանան ամուսնու հետ վերջին անգամ խոսել գիշերը ժամը 2-ին։ «Շատ նեղված էր, սարերից տեսնում էր, որ գնում են, ասեց՝ Լիլ, էդ փախնում են հա՞, ընդամենը դա է ասել»։
Վիգեն Ավագյանը պայմանագրային զինծառայող էր՝ ավագ սերժանտ։ Զինված ուժերում էր 10 տարուց ավելի։ Մինչ այս ծառայել է Արխացում՝ Օմարում, «Օմարի արծիվն էր»,- ամուսնու հերոսության մասին խոսելիս ասում է կինը։
Պատերազմից հետո ծառայությունը շարունակում էր Վերին Շորժայում։ Ընտանիքը պատմում է, որ Վիգենն առաջնագծում է եղել՝ 101 կոչվող դիրքում։ Նրանց փոխանցմամբ՝ այս պոստը անբարենպաստ տեղակայում ունի, շրջապատված է թշնամիներով։ Վիգենը, սակայն, իր 5 հոգանոց ջոկատով ստանձնել է դիրքի պաշտպանությունը։ Սեպտեմբերի 13 -ին՝ թեժ մարտերից հետո, հրամանատրության կողմից հրաման է եղել տեղափոխվել 102-րդ դիրք։ Այստեղ զոհվել են Վիգեն ծառայակիցները, նրան կրկին նահանջի հրաման է տրվել, բայց չի կատարել։
«Եղբայրը հետը խոսել է, ասել է՝ Վիգ, եթե տեսնես, որ էլ չես կարողանում, պոստդ կթողնես, էրեխեքիդ մասին մտածի, ասել է՝ երբեք նման բան չի կարող լինել, էն մեկը չկարողացա պահել, այս մեկը պետք է պահեմ։ Հետո իմացանք, որ 102-րդ դիրքում մենակ է մնացել, ասել են իջի 103, որ փրկվես, ասել է՝ չէ, որ տղեքը չկան, ես ինչքան ուժ ունեմ, կկռվեմ»,-ասաց կինը, իսկ հայրը՝ Լազրո Ավագյանը լրացրեց․ «Հետը խոսել են, ասել է․ «Մի խանգարեք, ժամանակ չկա, բոյի մեջ ենք»»։
Կինն ու հայրն ասում են՝ նեղացած են, գոնե փրկվեր, բայց ավելացնում են՝ Վիգենը փախնող տեսակ չէր։ «Իմ տղան կռվել է, մինչև վերջին շունչը։ Իր կյանքի գնով վիրավորներին ու զոհվածներին է հանել»,-ասաց մայրը։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ի հատվածում կինը զանգահարել է Վիգենի հեռախոսահամարին, բայց թշնամին է պատասխանել։ «Ես էի զանգել, ասեցի՝ Վիգ, ի՞նչ կա, մենակ ասա, որ լավ ես, թուրքերը խոսեցին յաշմա, յաշմա ասելով, միանգամից դողերոցքի մեջ ընկա։ Հեռախոսը տարա պապային տվեցի, ինքը գիտեր ադրբեջաներեն․․․ասեցին բոլորին դաժանաբար մորթել են։ Աշհարհը փուլ եկավ մեր գլխին»,-հետո էլի են զանգել այս անգամ մայրն է խոսել, ասել է՝ ադրբեջանցի է, որդուն է փնտրում, ասել են այստեղ որևէ մեկը չկա։
80 օր ընտանիքը Վիգենից որևէ տեղեկություն չի ունեցել, նոյեմբերի 28-ին է դին փոխանցել նրանց։ Վերջին անգամ սեպտեմբերի 6-ի գիշերն է Վիգենը տուն եկել՝ դստեր ծննդյան օրը, երկու օրից կրկին վերադարձել է դիրքեր։
Այս 80 օրերի ընթացքում Ավագյաններն իրենց ցավ ու վշտի հետ միայնակ են մանցել։ Վիգենն ընտանիքի միակ որդին է։ Ստեղծված ծանր իրավիճակում՝ դեռ Վիգենի գտնվելու վայրն ու կարգավիճակը չհստակեցված, պետությունն էլ կտրել է սպայի աշխատավարձը՝ չորս անչափահաս երեխաներին թողնելով կարիքների մեջ։
«Իր աշխատավարձը կտրվել է, հենց անհետ կորել է։ Այդ աշխատավարձը կտրեցին, բայց չորս երեխա կար, որ պետք է ապրեր, տունը պահողը ինքն էր, մենք փողին թամա չենք, բայց օրենքն ինչ է որոշում, բա՞ էս չորս երեխեն»,-ասում է հայրը և նշում, որ որդին քանդակագործ էր, Ռուսաստանից եկամտաբեր աշխատանքի առաջարկ է եղել, մերժել է, ասել է՝ «իմ հողն ու ջուրը, իմ սահմանը»։
Ընտանիքում նշում են, եթե Զինված ուժերը համակարգված գործեր Վիգենն ու այլ զինծառայողներ չէին զոհվի։ «Պետությունը օգնության չհասավ, մեր էրեխոնցն իզուր տեղը տանում են, կոտորում։ Ի՞նչ ձևի պետություն է, որ իր զինվորին չպաշտպանի, ուղարկում են մսաղաց»,-ասաց մայրը։
Վերջին անգամ, երբ խոսել է կնոջ հետ ասել է, որ նոր խրամատ են փորել, որրպեսզի պաշտպանվեն, բայց հենց այդ գիշեր սկսվել է հարձակումը։ «Զենքեր չեն ունեցել, որ իրենց պաշտպանեն։ Հիմա այն դարն է, որ տեխնիկան մարդու հետ է կռվում, ավտոմատով ԱԹՍ-ների հետ են կռվել։ Եթե զորք ունենային, զենք ունենային իրենք կկռվեին, իրենց հոգին անկոտրուն է»,-ասաց կինը։
Վիգենի սխրագործությունը չի գնահատվել պետական ինստիտուտների կողմից, ընտանիքում թեև նշում են, որ բոլոր զոհերը, որոնք իրենց կյանքը տվել հանուն հայրենիքի, հերոսի կոչման են արժանի։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսնայութում։
Տեսանյութի հեղինակ՝ Ռուզաննա Քոչարյան