Դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Դաժան ծեծի է ենթարկվել բարեգործական նախաձեռնությունների հեղինակ, ԱՀ քաղաքացի Յուրի Մուսայելյանը։
Իր արնաշաղախ դեմքը նա նկարել է ու տարածել է համացանցով, իսկ ավելի վաղ ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել էր, որ ճնշումների է ենթարկվում Արցախի իշխանությունների կողմից։
Յուրի Մուսայելյանը մինչ այդ բազմաթիվ ելույթներ է ունեցել սոցցանցերում, որոնց ընթացքում քննադատել է Արցախի իշխանություններին։
Ստեփանակերտի մեր աղբյուրը Յուրի Մուսայելյանի շրջապատից հայտնեց, որ ծեծողները Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղարկած մարդիկ են եղել։«Յուրան ահավոր ձևի ծեծված ա, Արայիկի թալանի մասին բարձրաձայնելու համար», — նշեց Forrights.am-ին ահազանգող անձը։
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանին։
Նա հրաժարվեց մեկնաբանել բարեգործականի ղեկավար Յուրի Մուսայելյանին ծեծի ենթարկելու միջադեպը։ «Քանի որ Յուրի Մուսայելյանի հետ կապված դեպքը իրավապահների տիրույթում է, մեկնաբանություններից ձեռնպահ կմնամ», — ասաց ԱՀ նախագահի խոսնակը։
Դիմեցինք ԱՀ ոստիկանություն, պարզելու համար, թե ինչ գործողություններ են ձեռնարկել իրավապահները։
«Յուրի Մուսայելյանի վերջին հրապարակումն անելուց հետո կեսգիշերին մոտ ոստիկանության աշխատակիցները այցել են նրան, որ իր հետ կատարվածի մասին բացատրություն վերցնեն, նաև բժշկական օգնույթյուն են առաջարկել, բայց ՅՈւրի Մուսայելյանը գրավոր հրաժարվել է և օգնությունից, և բացատրությւոն տալուց», — ասաց Forrights․am-ին ԱՀ Ոստիկանության խոսնակ Հունան Թադևոսյանը։
Մենք կապ հաստատեցինք Յուրի Մուսայելյանի հետ, սակայն նա հրաժարվեց մեզ հետ զրուցել, իսկ նրա հարազատները հեռախոսով մեզ հայտնեցին, որ Յուրի Մուսայելյանը առողջական ծանր վիճակում է ու չի կարող խոսել։
Ավելի ուշ ՄՈւսայելյանը կապ հաստատեց մեզ հետ, սակայն բուն մկիջադեպի շուրջ խոսել չցանկացավ։ «Բաներ կան, չեմ կարում միանգամից հայտնեմ։ Էնքան մարդիկ են գալիս մեր տուն, որ անգամ չեմ կարողանում հանգստանալ։ Ավելի բաց հայտնելու բաներ ունեմ, սպասում եմ կիրակի օրվան», — նշեց Մուսայելյանը, սակայն ինչ է լ ինելու կիրակի, հայտնի չէ։ Տպավորություն էր, թե նրան վախեցրել են։
Մինչ այդ Ստեփանակերտում քննարկում են ԱՀ մայրաքաղաքում ոչ անհայտ Մուսայելյանի ծեծը։ Մարդիկ հակասական տեղեկություններ են հայտնում։
«Կարող է, նրան վախեցրել են, որ լռել է։ Գուցեև մի հատ խփած լինեն, բայց ասում են՝ արյունը ինքն է քսել իր դեմքին։ Եթե արյուն էր, հաջորդ օրը որ մտավ եթեր, ինչու վրան հետք չկար, քերծվածք», — ասում է իշխանական աղբյուրը։
Որոշ տեղեկությունների համաձայն, Արցախի նախագահի և ՅՈւրի Մուսայելյանի հարաբերությւոնները միշտ չեն եղել թշնամական։ ԱՀ նախագահը անգամ օգնել է Մուսայելյանին, նրա բիզնեսը առաջ տանելու հարցում, մեքենա է նվիրել նրան բարեգործական գործունեությանը օգնելու համար։ Մուսայելյանը ինչ-որ շրջան վայելել է ԱՀ նախագահի վստահությունը։
«Հետո նա դիմել է Արայիկ Հարությունյանին, թե ուզում է զոհված ազատամարտիկների օգնության հասարակական կազմակերպություն բացել։ Նախագահն էլ ասել է, որ և զոհված ազատամարտինկների հարազատների միություն , և անհատ կորածների, և 44-օրյա պատերազմի մասնակիցների օգնելու կազմակերպություններ ունենք, և ՀԿ-ները պետք չի շատացնել», — պատնում է տեղեկացված աղբյուրը։
Ըստ որոշ տվյալների, ԱՀ նախագահի եղբայրը նույնիսկ 3 մլն դրամ գումար է տվել Մուսայելյանին կարիքավորներին օգնելու համար, սակայն պարզվել է, որ գումարը չի հասել շահառուներին, և այդպես սկսվել է նրանց հակամարտությունը։
Հետագայում Յուրի Մուսայելյանի դեմ քրեական գործ է հարուցվել «Շորթում» հոդվածով, և անընդհատ սոցցանցերում ելույթներ է ունեցել Արայիկ Հարությունյանի դեմ։
Մենք կլսենք նաև Յուրի Մուսայելյանին, երբ որ նա և ի վիճակի լինի բացատրություններ տալու, միջադեպն էլ կպահենք մեր ուշադրության կենտրոնում, ։ Առայժմ փաստենք, որ բռնությունը Արցախում շարունակում է մնալ հարցեր լուծելու ամենաարդյունավետ եղանակը։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: