Հայաստանը կոչ է անում ՄԱԿ-ի կառույցներին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։ Անցած գիշեր Նյու Յորքում պաշտոնական Երևանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում այդ մասին հայտարարեց կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
«Ստեղծված իրավիճակում մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին քայլեր ձեռնարկել՝ պահանջելով, որպեսզի Ադրբեջանը լիարժեք հարգանք ցուցաբերի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների հանդեպ և անմիջապես ու առանց նախապայմանների ապաշրջափակի Լաչինի միջանցքը՝ վերացնելով անվտանգ և անարգել տրանսպորտային երթևեկության բոլոր խոչընդոտները։ Կոչ ենք անում նաև փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ստեղծված հումանիտար կացությունը գնահատելու և ՄԱԿ-ի մարդասիրական կառույցների անարգել մուտքը ապահովելու համար», — հայտարարում էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։
Հակադարձելով հայկական կողմի պնդումներին՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը մեկ անգամ ևս պնդեց, որ Լեռնային Ղարաբաղ անվանումով տարածաշրջան գոյություն չունի, իսկ Լաչինի ճանապարհը որևէ մեկը չի արգելափակել։ Ալիևի պնդմամբ՝ Բաքուն արդեն իսկ ուղղակի շփումների մեջ է տեղի հայության հետ։ Որպես նման, իր բնորոշմամբ, հաջողված շփումների օրինակ ադրբեջանցի դիվանագետը մատնանշում էր Լաչինի նոր ճանապարհի կառուցումն ու ադրբեջանցի մասնագետների այցելությունները Սարսանգի ջրամբար։
«Ըստ ամենայնի՝ Հայաստանին և որոշ երրորդ պետություններին տեղում արձանագրվող այս դրական զարգացումները գնալով ավելի ու ավելի են մտահոգում, ուստի նրանք դիմում են ամեն տեսակի սադրանքների՝ լարվածություն ստեղծելու և կարգավորման փխրուն գործընթացը խափանելու նպատակով։ Ադրբեջանի բնական պաշարների անօրինական շահագործման մեջ ուղղակիորեն ներքաշված և տարածաշրջանի հետ որևէ կապ չունեցող տխրահռչակ գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում ի հայտ գալը, ինչպես նաև որոշ արտաքին դերակատարների ապակայունացնող գործողությունները այս ամենի վառ վկայությունն են», — հայտարարում էր ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը։
Մոտ մեկուկես ժամ տևած քննարկման ընթացքում Լաչինի միջանցքում ստեղծված կացությանն անդրադարձան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեկ տասնյակից ավելի պետությունների դիվանագետները՝ այդ թվում բոլոր մշտական անդամները։ Ֆրանսիայի ներկայացուցիչը պահանջում էր անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և հնարավորություն տալ ՄԱԿ-ի կառույցներին մուտք գործել տարածաշրջան։ Միացյալ Նահանգների ներկայացուցչի ելույթը նվիրված էր Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի փակման թե՛ մարդասիրական և թե՛ քաղաքական հետևանքներին։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի օգտագործման հարցում խոչընդոտների շարունակական առկայության և աճող մարդասիրական հետևանքների առթիվ։ Թույլ տվեք շատ հստակորեն արտահայտվել՝ Լաչինի միջանցքի օգտագործման հարցում հարուցվող խոչընդոտները խաղաղ գործընթացում հետընթացի են հանգեցնում։ Դրանք խաթարում են այս գործընթացի հանդեպ առկա միջազգային վստահությունը։ Նման գործողությունները ծանրագույն մարդասիրական խնդիրների կարող են հանգեցնել։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար պատասխանատու մյուս ուժերին՝ շուտափույթ կերպով վերականգնել ազատ տեղաշարժը՝ այդ թվում մարդասիրական և առևտրային նպատակներով», — հայտարարում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցող Միացյալ Նահանգների ներկայացուցիչը։
Ռուսաստանը ներկայացնող դիվանագետի խոսքով՝ ճգնաժամի սկզբից ի վեր հենց Մոսկվան է, որ ակտիվորեն աշխատում է դրա հաղթհարաման ուղղությամբ։
«Ակնկալում ենք, որ լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի ամենամոտ ապագայում։ Ռուսական կողմը՝ Պաշտպանության նախարարության, խաղաղապահ զորախմբի, նաև ԱԳՆ ներգրավմամբ վերջին օրերին գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը Լաչինի միջանցքում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար։ Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ պարբերական շփումներ են կազմակերպված։ Այդ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել հասնել Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման վերականգնմանը և Լաչինի միջանցքի մասնակի ապաշրջափակմանը։ Համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպան փորձագետների՝ Լեռնային Ղարաբաղի հանքավայրեր այցելությունների չափանիշները», — հայտարարում էր Ռուսաստանի ներկայացուցիչը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հնչած ամենահասցեական հայտարարության հեղինակը դարձավ Իռլանդիայի ներկայացուցիչը։
«Իռլանդիան կոչ է անում ադրբեջանական իշխանություններին առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Կոչ ենք անում նաև շարունակել հաշտեցման գործընթացը, ինչը թույլ կտա խուսափել մարդկային կյանքերի հետագա անիմաստ կորստից։ Իռլանդիան կողմ է հարցի բանակցությունների միջոցով ձեռք բերված, համապարփակ լուծմանը՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ կարգավիճակի հստակեցմանը։ Մենք վերհաստատում ենք մեր լիակատար աջակցությունը բանակցությունների միջազգային ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն էլ պետք է հասնի վերը նշված նպատակի իրագործմանը», — հայտարարում էր ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: