Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Քննարկումը տեղի կունենա դեկտեմբերի լույս 21-ի գիշերը՝ 24։00-ին։

Օրեր առաջ ՄԱԿ ԱԽ աշխատանքները լուսաբանող Security Council Report (SCR) անկախ հետազոտական կենտրոնն էր հաղորդել, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները ուրբաթ առավոտյան Լիբիայի վերաբերյալ խորհրդակցություններից հետո քննարկելու են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Ֆրանսիայի առաջարկով։

Երեկ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ասկերանում ասել էր, որ Արցախը պաշտպանելու, այս իրավիճակից դուրս գալու ելքեր ստեղծելու համար աշխատում են և՛ ՄԱԿ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի հետ։

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակի առջև շուրջ մեկ շաբաթ նստացույց անող Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանին չորս օր առաջ ընդունել էր գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատարը։ Շուրջ 20 րոպե տևած հանդիպումից հետո Բեգլարյանը տեղեկացրեց՝ միջազգային կառույցի ներկայացուցիչն իրենց հայտնել է, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղյակ են բողոքի ակցիայից ու նաև իրենց պահանջներից։

Արցախցի պետնախարարի խորհրդականը ՄԱԿ-ից ակնկալում է միջազգային երկարաժամկետ երաշխիքներ Արցախի անվտանգության համար։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest