Երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը կալանավորված է։ Նրան մեղադրում են այն բանի համար, որ 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կարողացել են անարգել հատել ՀՀ պետական սահմանը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ և Նորաբակ բնակավայրերի հատվածում։
Հիշեցնենք, որ անցալ տարի, մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ սահմանազատման անվան տակ մխրճվել էին պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել էր ՀԱՊԿ-ին, հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար, և մայիսի 22-ին ադրբեջանցիների մի մասը վերադարձել էին ելման դիրքեր։
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը «ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթականերին առաջադրանքներ տալու և դրանց կատարումը վերահսկելու, պետական սահմանի, շփման գծի խախտումները կանխելու, ինչպես նաև՝ հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու և կասեցնելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին, տեղեկանալով, որ իր կողմից դեռևս 2021 թվականի ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որևէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ»:
Զորամասի հրամանատարի անգործության հետևանքով, ըստ դատախազության, սահմանված չի եղել մարտական հերթապահություն, և հակառակորդը մխրճվել է ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։
Գեներալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թ․ ընդունված քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Forrights.am-ին հաջողվեց զրուցել երկրորդ բանակային կորպուսում ծառայող զինվորականներից մեկի հետ։ Նրանք վստահեցնում են, որ գեներալ Հարությունյանը սիրված հրամանատարներից չէ, և կորպուսի զո չի։ «Նրա ենթակայության տակ զորամասերում շատերն են նրան մեղադրում, նրա անգործության հետևանքով են թուրքերը եկել, պոստերը գրավել։ Նա ինքն իրենով չէր հասնի էդ պաշտոնին։ Արտակ Դավթյանի առաջ բրդած կադրն է»։
Արտակ Դավթյանը 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, իսկ հետո տեղափոխվել է բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարութուն, մոտ մեկ տարի զբաղեցնելով ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնը։
Այսօր նա ևս մեղադրյալի կարգավիճակում է և անցնում է անպիտան հրթիռների գործով։
Արայիկ Հարությունյանի կենսագրության մեջ արտառոց դրվագ կա։ Նրա եղբայրը՝ Արմեն Հարությունյանը, իր փոխարեն մարտի է մասնակցել ու զոհվել։
Առաջին արցախյան պատերազմի ժամանակ, որին Արայիկ Հարությունյանը մասնակցել է որպես հետախույզ, իսկ կրտսեր եղբայրը՝ Արմեն Հարությունյանը շտաբի պետի տեղակալ էր և ռազմաճակատ մեկնելու հրաման չուներ․ Արմենը եղբոր փոխարեն, նրա փաստաթղթերով գնացել է կռվի ու ընկել է հերոսի մահով Հորադիզի համար մարտերի ժամանակ, 1994 թվականի ապրիլի 26-ին։ Արայիկ Հարությունյանի որդու անունը Արմեն է, իսկ դստեր՝ Արմենուհի, եղբոր հիշատակին։
Հետաքրքիր է, որ ադրբեջանական ԶՈՒ հարձակումը չկանխելուց հետո Արա Հարությունյանը նույնիսկ պաշտոնի բարձրացում է ստացել, կարճ ժամանակով նշանակվելով հետախուզության վարչության պետ, սակայն հետո նրան ազատեցին այդ պաշտոնից։ Իսկ ավելի վաղ, 2020 թվականի հոկտեմբերին, 44-օրյա պատերազմի օրերին, վարչապետ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին, ի թիվս մի քանի այլ բարձրաստիճան զինվորականների, շնորհվել է գեներալ-մայորի կոչում։
Առհասարակ, պարգևատրել, ապա դատելը մեզանում ավանդույթ է դառնում։ 2020 թվականի հոկտեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին շնորհեց գեներալ լեյտենանտի կոչում, իսկ այսօր նրան մեղադրում են ռազմական դրության, պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 2020 թվականին գեներալ մայոր Անդրանիկ Փիլոյանին են պարգևատրել Հայրենիքի շքանշանով, նրան Արտակարգ իրավիճակների նախարար նշանակեցին, ինչը ևս յուրօրինակ խրախուսում էր, իսկ 2022 թվականի աշնանը կալանավորեցին, մեղադրելով խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: