Իշխանաձորում 18 զինծառայողների մահվան գործով դատական նիստում դեկտեմբերի 16-ին վկայություն տվեց N զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ Արտակ Մախսուդյանը:
Նախորդ դատական նիստում դատարանը որոշել էր Մախսուդյանին բերման ենթարկել երեք նիստի չմասնակցելու հիմքով, սակայն վերջինը դատարանին տեղեկացրել էր, որ հաջորդ նիստին անպայման մասնակցելու է: Այդ նիստը այսօր էր, և Մախսուդյանը տվեց իր վկայությունը:
Հիշեցնենք՝ 2020-ի արցախյան պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 9-ին թշնամու ԱԹՍ-ի կողմից հարվածի հետևանքով զոհվել էր 18 զինծառայող: Այս գործով մեղադրյալը փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանն է: Ըստ մեղադրանքի, 2020-ի հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից նա ստացել է հրաման ինժեներասակրավորների խումբը՝ 19 անձ, Արցախի Արծվաշեն գյուղից տեղափոխել Ջաբրաիլի տարածք:
Սակայն Իշխանաձոր գյուղի տարածքում, երբ լսվել է ԱԹՍ-ների ձայնը զինծառայողները բացազատվել են, բայց Վերանյանը նկատելով «Ուրալ» մակնիշի մեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել վաշտի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին, հարցրել՝ ինչու անձնակազմը չի տեղաշարժվում, ստացել պատասխան, որ օդում լսվում է անօդաչու թռչող սարքի ձայն և, այդ իսկ պատճառով էլ երթը չեն շարունակում, և անձնակազմը գտնվում է ավտոմեքենայից դուրս:
Վերանյանը,սակայն հրամայել է կապիտան Տ. Նիկողոսյանին, ամեն դեպքում, ԱԹՍ-ից պատսպարված անձնակազմին նստեցնել ավտոմեքենան և շարունակել երթը, որից հետո վաշտի հրամանատարը կատարել է նրա հրամանը: Զորամասի 19 զինծառայողները նստել են «Ուրալ» մեքենան և այդ ժամանակ էլ թշնամու ԱԹՍ-ն խոցում է «Ուրալը», ինչի հետևանքով առաջացած հրդեհից զոհվել են 18 զինծառայողները, իսկ շարքային Արմեն Հակոբյանը հրդեհի ալիքի հարվածից մեքենայից դուրս է ընկել՝ ստանալով բազմաթիվ վնասվածքներ:
Ըստ մեղադրանքի, «Ուրալ»-ի և դրանում եղած զենքերի այրման և հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր շուրջ 21 մլն դրամի վնաս:
Թեպետ ամբաստանյալ Անդրանիկ Վերանյանի փաստաբան Նորայր Նորիկյանը նիստին ներկա չէր, բայց դատարանին տվել էր համաձայնություն, որ վկան կարող է իր բացակայությամբ տալ վկայություն: Եվ մեղադրող դատախազը, և տուժողների իրավահաջորդները հայտարարեցին, որ խնդիր չեն տեսնում՝ Մախսուդյանը կարող է տալ վկայություն:
Այսօր Արտակ Մախսուդյանը իր վկայության ժամանակ հաստատեց ԱՍԹ-ի հարվածի փաստը: Նա ասաց, որ հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել գնալ Իշխանաձոր՝ այնտեղ գտնվող «զորամասը հետ բերելու համար»: «Խնդիրը միայն ոչ թե ընդհանուր զորամասին էր վերաբերում, բայց ամենակարևորը՝ 2-րդ գումարտակը պետք է անպայման հետ բերվեր, որովհետև նրանք հրաժարվում էին գալ Ջաբրայիլ», -ներկայացրել է վկան:
Արտակ Մախսուդյանի խոսքով, ինքը հոկտեմբերի 8-ին երեկոյան գնացել է Իշխանաձոր, որտեղ գտնվել է Մեղրիի զորամասը, հավաքել է սպայական կազմին, փոխանցել է խնդիրը՝ հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան պետք է շարժվել դեպի Ջաբրայիլ:
«Բայց անպայման ասացի, որ պետք է լինի ուշ ժամ, քանի որ այդ ժամերին վատ դեպքերի հնարավորությունը քիչ ա, խոսքը անօդաչուների հարվածի մասին է: Հոկտեմբերի 9-ի ցերեկը ես ու Վերանյանը (խոսքը ամբաստանյալ Անդրանիկ Վերանյանի մասին է-հեղ.) գնացինք 3-րդ գումարտակ, խնդիր դրեցինք, որ հավաքվեն մի տեղ, զրուցենք՝ ինչու չեն ուզում գալ, երբ մենք մոտեցանք կորպուսի հրամանատարը զանգեց ինձ՝ շուտ եկեք: Ասեցի՝ շուտ չենք կարող գալ, որովհետև զորամասում բոլորը մի տեղ հավաքված չեն, մինչև անձնակազմին հավաքեինք, գային, ավտոմեքենաները բերեին, զենքերը բերեին, լիցքավորեինք, բավականին երկար ժամանակ էր տևելու:
Բայց կորպուսի հրամանատարի մի քանի անգամ զանգից հետո հետո մենք սկսեցինք այդ գործողությունենրը կատարել: Հավանաբար ցերեկը արդեն ժամը 4-ի կողմերը խնդիր դրվեց, որ ավտոմեքենաները իրարից մեծ հեռավորությամբ շարժվեն: Իշխանաձորում խաչմերուկ կա, որ բարձրանում ա դեպի վերև, էդտեղ ճանապարհը սխալվելու հավանականություն կար: Մի քանի ավտո բաց ենք թողել, բարձրացել են: Ես կանգնել եմ էդտեղ, հետո շտաբի պետն է եկել: Ինքն ասեց՝ ստեղ պարեկներ նշանակենք, որ իրանք հետևից եկողներին ուղղորդեն ճանապարհը ցույց տան: Հետո շտաբի պետն իջել է Ջաբրայիլ, որից մի ժամ հետո ես եմ իջել, բայց խաչմերուկների մեկի մոտ էինք, հանկարծ անօդաչուն սկսեց պտտվել մեր մեքենայի վրա:
Մի ժամից ավելի մենք ավտոմեքենան կանգացրել ենք, ես ու վարորդը փախել ենք տարբեր ուղղություններով: Անօդաչուն ֆռաց-ֆռաց ու հետ եկավ դեպի մեր կողմ: Այդ ընթացքում երևի մի յոթ մեքենա անցել էին մեզ շտաբի պետի գլխավորությամբ: Ու հետո ես ձայն լսեցի, անօդաչուից էր, հետո փորձեցի կապի դուրս գալ, ոչ մի ձև չեղավ՝ ոչ բջջային, ոչ օդային կապով: Հետո Ջաբրայիլից գալիս էր առաջին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը՝ գնդապետ Թումանյանը, ինձ ասեց՝ սենց բան ա եղել (նկատի ունի 18 զինծառայողներով «Ուրալը» պայթեցնելու դեպքը-հեղ.): Երբ իջա Ջաբրայիլ, արդեն մութ էր», -վկայությունն այսպես ավարտեց Արտակ Մախսուդանը:
Նիստը նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը վկային խնդրեց՝ «ինչքան էլ բարդ է հիշելը», փորձել մանրամասներ ներկայացնել, սակայն Մախսուդյանը սահմանափակվեց այսքանով. «Անօդաչուն մեզանից հետ ա գնացել, ու խորքում ձայն ա լսվել: Մեզանից մոտավորապես տասնքանի կիլոմետր հեռավորության վրա ա եղել: Հետո ես եկել եմ առաջնագիծ շտաբի պետի հետ: Ու հաջորդ օրը միայն լսել ենք՝ իրականում ինչ է տեղի ունեցել: Եթե ունեք հարցեր, կարող եք տալ»:
Հարցեր Մախսուդյանին չուղղվեցին, քանի որ ամբաստանյալ Վերանյանի պաշտպան Նորայր Նորիկյանը այդպես էլ չներկայացավ դատական նիստին: Մեղադրող դատախազը հայտարարեց, որ վկային ունեն մի քանի տասնյակ հարցեր և դրանք կարող են ուղղել միայն Նորիկյանի ներկայությամբ, որպեսզի կարողանան հասկանալ՝ արդյոք պաշտպանությունն ունի առարկություններ դատարանում հնչեցվող հարցերին:
Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ պաշտպան Նորայր Նորիկյանը իր դատավարական իրավունքները ոչ բարեխիղճ է իրականացնում, ինչը հաջորդ նիստում քննարկման թեմա կդառնա: Սակայն միչ այդ դատարանը որոշեց հետաձգել նիստը: Այն կշարունակվի արդեն հաջորդ տարի՝ հունվարի 13-ին:
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: